Հարավաֆրիկյան Հանրապետությունում երեք զինված անձ կրակ են բացել տնային երեկույթի մասնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Երեք մարդ էլ վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը։
Զոհվածների թվում եղել է մի կին, որը, ենթադրաբար, հղի էր։
Հրաձգությունը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան ԿվաՄախուտա բնակավայրում՝ Դուրբանից մոտ 30 կմ հարավ, ՀԱՀ-ի արևելյան ափին։ Ոստիկանության տվյալներով՝ մարդիկ հավաքվել էին մասնավոր տանը երեկույթի համար, երբ այնտեղ են մտել երեք զինված անձինք և կրակ բացել։
Ոստիկանությունը սկսել է կասկածյալների որոնումները, սակայն ներկա պահին դեռևս ոչ ոք չի ձերբակալվել։
Հարձակման դրդապատճառն առայժմ չի հաստատվել։ Միաժամանակ, իրավապահ մարմինները հայտնել են, որ տանը գտնվող որոշ անձինք հայտնի էին ոստիկանությանը՝ հանցավոր գործունեության հետ կապված քննությունների շրջանակում։ Այդ քննությունների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակվում։
Ոստիկանությունը չի բացառել նաև, որ հարձակումը կարող էր կապված լինել մրցակցող հանցավոր խմբավորումների միջև հակամարտության հետ։
Հրաձգությունը դարձել է վերջին տարիներին ՀԱՀ-ում տեղի ունեցած հերթական զանգվածային հարձակումներից մեկը։ Հունիսին Յոհաննեսբուրգի անապահով թաղամասերից մեկում մի քանի հարձակվողներ 12 մարդու էին սպանել։




























