Բելգիայի ոստիկանությունը երկու օր հարցաքննել է նախկին եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին՝ Qatargate կոռուպցիոն սկանդալին նրա ենթադրյալ առնչության վերաբերյալ, որը ցնցել էր Եվրոպական միությունը 2022 թվականի դեկտեմբերին, հայտնում է Euroactiv-ը։
Ավրամոպուլոսի դեմ գործը նոր զարգացում է ստացել օգոստոսին, երբ բելգիական ոստիկանությունը նրա ձերբակալության հրամանագիր է արձակել, երբ քաղաքական գործիչը երկու անգամ հրաժարվել էր ներկայանալ բելգիական իշխանությունների կանչով։
Հրամանագրում ոստիկանությունը միաժամանակ պահանջել է Ավրամոպուլոսին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ներկայում նա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր է իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից։
Սեպտեմբերի 17-ին Հունաստանի խորհրդարանը նրան զրկել է անձեռնմխելիությունից։ Սակայն այդ պահին Ավրամոպուլոսն արդեն պայմանավորվել էր բելգիական ոստիկանության հետ՝ կամավոր ցուցմունք տալու մասին։ Այդ պայմանավորվածությունից հետո նրա ձերբակալության հրամանագիրը չեղարկվել է։
Ավրամոպուլոսը 2014–2019 թվականներին զբաղեցրել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատարի պաշտոնը։ Նրա անունը կապվել է Qatargate-ի հետաքննության հետ, որը սկսվել էր այն մեղադրանքներից հետո, ըստ որոնց Կատարը և այլ օտարերկրյա պետություններ կարող էին փորձել ազդել Եվրոպական խորհրդարանի որոշումների վրա՝ ապօրինի վճարումների և վարձատրության այլ ձևերի միջոցով։
Բելգիական հետաքննությունը շարունակվում է, իսկ Ավրամոպուլոսի հնարավոր առնչության աստիճանը պետք է պարզեն իրավապահ մարմիններն ու դատարանը։





























