Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսության, դիվանագիտության և բանակցությունների, սակայն չի հանդուրժի ուժի սպառնալիքի ներքո բանակցությունները։ Նա հայտարարել է նաև, որ Իրանը մտադիր չէ ենթարկվել ճնշմանը և կպաշտպանի երկիրը «մինչև վերջին շունչը»։
Փեզեշքիանն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախորդ օրվա ելույթին և հայտարարել, որ Իրանի հասցեին հնչած հայտարարությունները «հակասում են» ՄԱԿ-ի կանոնադրության բուն էությանը։
«Իրանական ժողովրդի դիմադրությունը միայն կուժեղանա պատժամիջոցների, ճնշման ուժեղացման և ահաբեկման պայմաններում։ Մենք երբեք գլուխ չենք խոնարհի և ծնկի չենք գա»,- ասել է Իրանի նախագահը։
Նա շեշտել է, որ Իրանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի և մյուս կողմերի հետ, սակայն միայն առանց սպառնալիքների և հարկադրանքի։
«Պարոն Թրամփը և նրանք, ովքեր փորձում են մեզ ահաբեկել, պետք է հասկանան Իրանը․ մենք պատրաստ ենք երկխոսության, դիվանագիտության և բանակցությունների, սակայն ուժի լեզուն չենք հանդուրժի»,- հայտարարել է Փեզեշքիանը։
Դիմելով այն երկրներին, որոնք, ըստ նրա, ագրեսիա են գործել Իրանի դեմ, նախագահը հայտարարել է, որ նրանք համոզվել են երկրի՝ ճնշմանը դիմակայելու կարողության մեջ։
«Իրանը երբեք ագրեսոր չի եղել, երբեք պատերազմ չի սկսել և միշտ հանձնառություն է ցուցաբերել բանակցություններին։ Նրանք մեզ պատերազմ են պարտադրում, սակայն մենք ապացուցել ենք, որ չենք վախենում պայքարից՝ պատերազմից, որը պաշտպանական բնույթ է կրում»,- ասել է նախագահը։
«Մենք կպաշտպանենք մեր սիրելի Իրանը, մեր հայրենիքը, մինչև վերջին շունչը»,- հավելել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը միաժամանակ մեղադրել է Իսրայելին Թեհրանի նկատմամբ երկակի չափանիշներ կիրառելու մեջ։ «Իսրայելը միջուկային զենք ունի, սակայն տեսուչները գտնվում են Իրանում։ Իսրայելը սպանում է, իսկ Իրանը ենթարկվում է պատժամիջոցների»,- հայտարարել է նախագահը։
Խոսելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին՝ Փեզեշքիանը առանձին անդրադարձել է Հորմուզի նեղուցի հարցին։ Նա նշել է, որ Իրանը չի կարող թույլ տալ, որ որոշ երկրներ ազատորեն օգտագործեն այդ ջրային ուղին շահ ստանալու համար՝ միաժամանակ այն օգտագործելով Իրանի վրա ճնշում գործադրելու և նրա սեփական ջրերին հասանելիությունը սահմանափակելու համար։ Նա նախազգուշացրել է, որ ռազմական գործողությունների ընդլայնումը անվտանգություն չի ապահովի։
Փեզեշքիանը հայտարարել է նաև, որ Պաղեստինում իրավիճակը մնում է «միջազգային հանրության խղճի բաց վերք» և խորհրդանշում է խաղաղ բնակչության տառապանքները կանխելու միջազգային մեխանիզմների անկարողությունը ։
«Մենք չենք կարող խոսել խաղաղության մասին՝ անտեսելով Պաղեստինը։ Արդարություն առանց Պաղեստինի Արևմտյան Ասիայում կայուն խաղաղությունն անհնար է»,- ասել է Իրանի նախագահը։




























