ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և խոշոր չափերով փողերի լվացման դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով։
ՔԿ–ից NEWS.am–ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ․Ա․-ն, ՍՊ ընկերության տնօրեն Ռ․Ս․-ի հետ լինելով մտերիմ հարաբերությունների մեջ, տիրապետելով ընկերության վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ում ու ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված տվյալներին և Ռ․Ս․-ի միջոցով փաստացի կառավարելով ընկերության գործունեությունը, 2024 թվականի փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում, համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ ներգործելու միջոցով, արտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է ընդհանուր 8 մլն 300 հզր ՀՀ դրամ, որը փոխանցել է նշված ՍՊ ընկերության՝ ՀՀ ՊԵԿ-ում բացված հաշվեհամարին:
Բացի այդ, հափշտակված գումարի իրական բնույթը և ծագման աղբյուրը խեղաթյուրելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու նպատակով Կ․Ա․-ի կազմակերպմամբ ՍՊ ընկերության անունից 2024 թվականի մարտից ապրիլն ընկած ժամանակահատվածում 4 դիմում է ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու խնդրանքով։ Նշված դիմումների համաձայն՝ ընդհանուր 5 մլն 151 հզր 19 ՀՀ դրամը փոխանցվել է ընկերության՝ բանկում բացված հաշվեհամարին, որից հետո կանխիկացվել է՝ փաստացի տնօրինվելով Կ․Ա․-ի կողմից, իսկ մնացած 3 մլն 148 հզր 981 ՀՀ դրամն ուղղվել է ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների մարմանը՝ այդ կերպ խեղաթյուրելով և օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված 8 մլն 300 հզր ՀՀ դրամի իրական բնույթը և ծագման աղբյուրը:
Նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կ․Ա․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով hամակարգչային հափշտակությունը) և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով փողերի լվացումը)։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Քրեական վարույթը նշված անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։




























