ԱԹՕ-ների (անհայտ թռչող օբյեկտ) հետազոտողը պնդում է, որ քրիստոնյա է դարձել այն բանից հետո, երբ ուսումնասիրել է մարդկանց՝ այլմոլորակայինների կողմից ենթադրյալ առևանգումների հարյուրավոր դեպքեր։ Նրա խոսքով՝ խորհրդավոր միջադեպերը իբր դադարում էին, երբ մարդիկ օգնության էին կանչում Հիսուս Քրիստոսին։

72-ամյա Ջո Ջորդանը Ֆլորիդայում գտնվող Blue Origin հրթիռային գործարանում աշխատում է որպես անվտանգության մասնագետ։ Միաժամանակ նա արդեն 32 տարի ուսումնասիրում է ԱԹՕ-ների դիտարկումների և մարդկանց ենթադրյալ առևանգումների մասին հաղորդումները։

Daily Mail-ին տված հարցազրույցում Ջորդանը պատմել է, որ ուսումնասիրել է ենթադրյալ առևանգումների մոտ 700 դեպք։ Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր տեղի ունեցածի պահին դիմել են Հիսուսին կամ Աստծուն, պնդել են, որ գերբնական երևույթն անմիջապես դադարել է և այլևս վնաս չի հասցրել իրենց։

Հետազոտությունները ոչ միայն ամրապնդել են Ջորդանի հավատը բարձրագույն ուժի գոյության նկատմամբ, այլև նրան բերել են այն եզրակացության, որ արտաերկրյա էակների հետ որոշ հանդիպումներ իրականում կարող են ունենալ հոգևոր բնույթ։ Նման տեսությունը վերջին տարիներին տարածում է գտել որոշ կրոնական շրջանակներում, որոնց ներկայացուցիչները կարծում են, որ այլմոլորակայինների կերպարի հետևում կարող են թաքնվել դևեր։

«Այն, թե ինչպես սա փոխեց իմ կյանքը, — ես տեսա, որ Հիսուս Քրիստոսի զորությունը, անունը և իշխանությունը ինձ հարյուր տոկոսով համոզեցին, որ Աստված իրական է, Աստվածաշունչը իրական է, Հիսուսը իրական էր… Դուք դիմում եք նրան օգնության համար, և նա գալիս է օգնության», — հայտարարել է Ջորդանը։

Միևնույն ժամանակ, հետազոտողի խոսքով, նույնիսկ թերահավատորեն տրամադրված համայնքները սկսել են ընդլայնել ԱԹՕ-ների բնույթի մասին քննարկումը՝ աստիճանաբար հրաժարվելով բոլոր խորհրդավոր երևույթները բացառապես արտաերկրյա համարելու սահմանումից։

«Նրանք ասում են, որ նախկինում խոսքը միշտ այլ աշխարհներից եկած արտաերկրյա կենսաբանական էակների մասին էր, իսկ հիմա օգտագործում են «միջչափումային», «արտաչափումային» և «ուլտրաչափումային» տերմինները», — բացատրել է Ջորդանը։

30 տարվա հետազոտություններից հետո Ջորդանը եկել է այն եզրակացության, որ ենթադրյալ առևանգումները կարող են ունենալ դիվային բնույթ։ Նրա խոսքով՝ շատ դեպքերում ամեն ինչ սկսվել է նրանից, որ մարդը այս կամ այն կերպ առնչվել է օկուլտիզմին։

Հետազոտողը կարծում է, որ նման փորձառությունը կարող է առաջանալ այն բանից հետո, երբ մարդը «դուռ է բացում» անհայտ էությունների առաջ՝ զբաղվելով այնպիսի պրակտիկաներով, որոնք Աստվածաշունչը համարում է Աստծո կամքին հակասող։

«Մարդիկ գալիս էին ինձ մոտ և պատմում, որ իրենց տարել են թռչող սարքերի բորտը, և որ այնտեղ իրենց հետ ինչ-որ բան են արել», — ավելացրել է նա։

Սակայն նախկին ԱԹՕ հետազոտողը, որը դարձել է քրիստոնյա, այժմ կարծում է, որ խոսքը տիեզերքից եկած ֆիզիկական էակների մասին չէ, այլ մեկ այլ չափումից եկած ոգիների։ «Ոչ ոքի ոչ մի տեղ չեն տանում։ Սա դիվային տեսիլք է, դիվային հոգևոր փորձառություն, որը պարզապես ընդունում է ԱԹՕ-ի հետ հանդիպման ձև», — պնդում է Ջորդանը։

Ի տարբերություն շատ հետազոտողների, որոնք կենտրոնացած են ՆԼՕ-ների դիտարկումների վրա, Ջորդանը որոշել է ուսումնասիրել առաջին հերթին այն մարդկանց, ովքեր պնդում էին, որ իրենց առևանգել են։ Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել այն դեպքը, որը, նրա խոսքով, ամբողջությամբ փոխել է իր հետազոտությունների ուղղությունը՝ և իր կյանքը։

Այն մարդը, որին Ջորդանը անվանում է «Բիլ Դ.», պատմել է ենթադրյալ առևանգման մասին, որը նա նկարագրել է որպես սարսափեցնող և կապված սատանայական խորհրդանիշների հետ։ Մի պահ տղամարդը բղավել է. «Հիսուս, Հիսուս, օգնիր ինձ»։

Նրա խոսքով՝ դրանից հետո տեղի ունեցողն անմիջապես դադարել է, իսկ ինքը արթնացել է իր անկողնում։

Հետազոտողի խոսքով՝ գրեթե յուրաքանչյուր ԱԹՕ մասնագետ, որի հետ նա կապ է հաստատել, պատմել է իրեն այն դեպքերի մասին, երբ մարդիկ աղոթք էին կարդում կամ դիմում էին Հիսուսին, և դրանից հետո ենթադրյալ շփումը դադարում էր։

Միևնույն ժամանակ Ջորդանը պնդում է, որ ԱԹՕ հետազոտողները հազվադեպ են նման դրվագների մասին հրապարակավ խոսում։ Նրա խոսքով՝ նրանցից մեկը նույնիսկ հայտարարել է, որ նման պատմության հրապարակումը կարող էր վնասել իր հեղինակությանը ուֆոլոգների համայնքում։