Փալմեր Լաքին հագնում է հողաթափեր ու հավայական շապիկներ, սակայն նրա ընկերությունը արտադրում է զենք, որը պետք է փոխի ապագա պատերազմների կերպը, գրում է The i Paper-ը։
34-ամյա միլիարդատերը՝ պաշտպանական Anduril Industries ընկերության համահիմնադիրը, այնպիսի տեսք ունի, կարծես նպատակաուղղված ձևավորում է հանդուգն տեխնոլոգիական հանճարի կերպար՝ հողաթափեր, կարգո շորտեր, հավայական շապիկներ և բավականին յուրօրինակ մորուք։ Տպավորություն է, թե մեր առաջ հերթական կորպորատիվ ղեկավարը չէ, այլ ըմբոստ մեկը, որը քիչ է մնում գլխիվայր շրջի տեխնոլոգիաների ամբողջ աշխարհը։
Եվ ինչ-որ առումով դա իսկապես այդպես է։ Լաքին տեխնոլոգիական բիզնեսի աջ թևի առավել նկատելի ներկայացուցիչներից մեկն է։ Միայն թե նրա ընկերությունը զբաղվում է ոչ թե հավելվածներով և սոցիալական ցանցերով, այլ ռազմական տեխնոլոգիաներով։
Anduril-ն արտադրում է հսկողության համակարգեր և տարբեր տեսակի անօդաչու սարքեր՝ դրանք գովազդելով տպավորիչ տեսահոլովակներով և հայրենասիրական հռետորաբանությամբ։ Միաժամանակ Լաքին հանդես է գալիս արհեստական բանականության հիման վրա ինքնավար զենքի հնարավորինս արագ զարգացման օգտին։
Նա բացեիբաց ընդունում է, որ մարտադաշտում ԱԲ-ի կիրառումն անխուսափելիորեն կհանգեցնի մարդկանց մահվան, որոնք չպետք է մահանային։ Ընդ որում, նրա կարծիքով, կյանքի ու մահվան հարցերում անհրաժեշտ է կիրառել ամենաառաջատար տեխնոլոգիաները՝ անկախ նրանից, թե որքան վիճահարույց կարող են դրանք լինել։
Լաքին նաև պնդում է, որ ինքնավար համակարգերն արդեն գոյություն ունեն ռազմական ոլորտում, և եթե ԱՄՆ-ի հակառակորդներն օգտագործեն նման զենք, Արևմուտքը չի կարող պարզապես հրաժարվել դրանից։ Ավելին, նա կարծում է, որ արհեստական բանականությունը երբեմն ի վիճակի է որոշումներ ընդունել ավելի լավ, քան խուճապի մեջ հայտնված կամ թերի տեղեկություն ունեցող մարդը։
Լաքիի ճանապարհը դեպի միլիարդներ սկսվեց վիրտուալ իրականությունից։ Դեռ պատանեկության տարիներին նա ստեղծել էր Oculus Rift ականջակալների մշակմամբ զբաղվող ընկերություն։ 2014 թվականին Facebook-ը գնել է ստարտափը մոտ 2 միլիարդ դոլարով՝ Լաքիին դարձնելով բազմամիլիոնատեր։
Սակայն Facebook-ում նա երկար չմնաց։ Քաղաքական հայացքների և Դոնալդ Թրամփին աջակցելու շուրջ սկանդալից հետո ընկերությունը 2017 թվականին նրան ազատեց աշխատանքից։ Լաքին պնդում էր, որ պատճառը հենց քաղաքական հայացքներն էին, թեև Facebook-ը դա հերքում էր։
Facebook-ից հեռանալուց հետո նա զբաղվեց պաշտպանական տեխնոլոգիաներով և դարձավ Հանրապետական կուսակցության համոզված կողմնակից։ Ընտրական նվիրատվությունների տվյալներով՝ 2017 թվականից ի վեր Լաքին ավելի քան հազար ներդրում է արել հանրապետական թեկնածուների և կոմիտեների օգտին, որոնց թվում՝ 23 նվիրատվություն, որոնցից յուրաքանչյուրը գերազանցել է 100 հազար դոլարը։
Այս հարցում նա զգալիորեն տարբերվում է ամերիկյան ավանդական պաշտպանական հսկաներից, որոնք ձգտում էին կապեր պահպանել երկու կուսակցությունների հետ էլ։ Իսկ Լաքին բացահայտորեն հետևում է աջ հայացքների և սերտորեն կապված է տեխնոլոգիական ձեռնարկատերերի նոր ալիքի հետ, որոնք աջակցում են Թրամփին։
Անցյալ տարի 60 Minutes-ին տված հարցազրույցում Լաքին ասում էր, որ ուրախ է տեսնել տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն ներկայացուցիչներին Թրամփի կողքին նրա երդմնակալության ժամանակ։ Նրա ասելով՝ դա վկայում է, որ ճյուղը վերջապես համապատասխանում է ամերիկյան հասարակության տրամադրություններին։
The New York Times-ի տվյալներով՝ Թրամփին հենց Լաքին է առաջարկել ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանվանել Պատերազմի նախարարության՝ գերատեսչությանը վերադարձնելով այն անվանումը, որն օգտագործվում էր մինչև Հարի Թրումենի ժամանակների բարեփոխումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Մինչդեռ ԱՄՆ ռազմական ծախսերն աճում են։ Պենտագոնի 2026 թվականի բյուջեն, առանց Իրանի հետ պատերազմի ծախսերի հաշվառման, մոտեցել է 1 տրիլիոն դոլարի, իսկ Թրամփը ցանկանում է այն հասցնել 1.5 տրիլիոն դոլարի։
Լաքիի համար սա նշանակում է հսկայական շուկա։ «Կան բաներ, որոնք ես կցանկանայի կառուցել»,- ասել էր նա Bloomberg-ին, և, նրա խոսքով, Պենտագոնը դրանցից որոշները համարում է անընդունելի։
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ հենց այստեղ է գլխավոր հարցը։ Ինքնավար զենքը կարող է փոխել ոչ միայն պատերազմների բնույթը, այլև քաղաքական գործիչների վերաբերմունքը հենց ռազմական հակամարտություններ սկսելու որոշման նկատմամբ։
Սովորաբար սեփական զինծառայողների զոհվելու ռիսկն առաջնորդներին կարող է հետ պահել պատերազմ սկսելուց. չափազանց մեծ կորուստները կարող են երկրի ներսում լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ։ Բայց եթե ռազմական գործողությունները հիմնականում վարեն ինքնավար համակարգերը, իսկ զինվորները մնան մարտադաշտից հեռու, այդ գործոնը կարող է թուլանալ։
Ինքը՝ Լաքին, ասում էր, որ հենց զինված համակարգերի վրա տեղադրված արհեստական բանականությունն է պատերազմ վարելը դարձնում այնքան հեշտ։
Նրա պատկերացմամբ ավելի անվտանգ աշխարհը նշանակում է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է հնարավորինս շատ զենք ունենան, որպեսզի հավանական հակառակորդը չցանկանա հարձակվել։ Նրա խոսքով՝ Ամերիկան պետք է «համաշխարհային ոստիկանից» վերածվի «համաշխարհային զենքի խանութի»։
Մինչդեռ Anduril-ը սրընթաց աճում է։ Ընկերությունում աշխատում է ավելի քան 7 հազար մարդ, իսկ Օհայոյում կառուցվում է հսկայական գործարան, որտեղ նախատեսվում է ստեղծել ևս մինչև 4 հազար աշխատատեղ։ Ընկերությունը շարունակում է ստանալ նորանոր պայմանագրեր ԱՄՆ կառավարությունից, իսկ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նույնպես գնում է նրա համակարգերը։
Թեև Anduril-ը մնում է մասնավոր ընկերություն, ներգրավված ֆինանսավորման հիման վրա դրա գնահատականն արդեն կարող է հասնել 100 միլիարդ դոլարի՝ խոշորագույն պաշտպանական կորպորացիաների կապիտալիզացիայի մակարդակին, որոնք միաժամանակ զգալիորեն ավելի մեծ հասույթ են ստանում։
Anduril-ի բիզնեսի կենտրոնում արհեստական բանականության վրա հիմնված ծրագրային ապահովումն է, որին ենթադրվում է մարտադաշտում ավելի ու ավելի շատ որոշումների փոխանցում։
ԱԲ-ի կողմնակիցները հակադարձում են. նոր համակարգերն ավելի ճշգրիտ և խելացի են, քան նախկին զենքերը, հետևաբար տեսականորեն կարող են նվազեցնել խաղաղ բնակչության զոհերի թիվը։
Բայց հոդվածի հեղինակը մատնանշում է հարցի մյուս կողմը. եթե պատերազմը ավելի էժան է դառնում մարդկային կորուստների տեսանկյունից այն երկրի համար, որը սկսում է այն, դա կարող է հանգեցնել ոչ թե հակամարտությունների քանակի նվազման, այլ աճի։
Լաքին ասում է, որ օգնում է ստեղծել ապագան։ Եվ դրա հետ դժվար է վիճել։ Հարցը միայն այն է, թե ինչպիսին կլինի այդ ապագան, և որքան մեծ դեր կունենան այնտեղ ինքնավար մեքենաները, որոնք ունակ են ինքնուրույն որոշումներ ընդունելու մահաբեր ուժի կիրառման մասին։




























