2025 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 990 մլն դոլարի միրգ-բանջարեղեն, մինչդեռ 2026 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 943 մլն դոլար (նվազումը՝ 5%): Այս մասին Սեպտեմբերի 24-ին Կառավարության նիստում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա սա բավականին լավ ցուցանիշ համարեց՝ հաշվի առնելով հայկական ապրանքների նկատմամբ կիրառված սահմանափակումները։
«Դեպի ԱՄԷ արտահանումն աճել է 40%-ով, դեպի Հնդկաստան՝ 2,1 անգամ, իսկ եվրոպական երկրներ՝ 70%-ով։ Միակ էական նվազումը գրանցվել է ԵԱՏՄ երկրների ուղղությամբ»,- նշել է Պապոյանը։ Նախարարը հայտնել է, որ անցյալ տարի արտահանվել էր ավելի քան 40 հազար տոննա ծիրան, իսկ այս տարի՝ 13 հազար տոննա, ինչը պայմանավորված է բերքի փոքր ծավալներով։ «Միևնույն ժամանակ կան ուղղություններ, որտեղ աճ է արձանագրվել, օրինակ՝ կոնյակի արտահանումն ավելացել է 10%-ով»,- շեշտել է նա։
Նախարարը նաև հավելել է, որ հաջորդ շաբաթվանից ոլորտի բոլոր մասնագիտացված ընկերությունները կսկսեն խաղողի մթերման գործընթացը։




























