Politico-ի լրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Սպիտակ տուն, թեև դատարանը որոշել էր ժամանակավորապես թույլ տալ այդ պարբերականի, ինչպես նաև CNN-ի և MS NOW-ի լրագրողներին մուտք գործել այդ կառույց։ Այս մասին գրում է հենց Politico-ն։

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը սեպտեմբերի 24-ի առավոտյան՝ դատարանի համապատասխան որոշումը կայացնելուց հետո, առգրավել է լրագրողի անցաթուղթը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր, որ CNN-ի, Politico-ի և MS NOW-ի լրագրողներին թույլ չի տա մասնակցել Սպիտակ տանը կայանալիք միջոցառումներին։ Այս քայլն ամերիկյան լրատվամիջոցներում բանավեճերի տեղիք էր տվել այն հարցի շուրջ, թե արդյոք նման գործողությունները չեն ոտնահարում մամուլի ազատության սկզբունքը։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք ունի ազգային անվտանգության նկատառումներից ելնելով արգելել լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն։

Լրագրողների Սպիտակ տուն մուտքը վերականգնելու պահանջով CNN-ը, MS NOW-ն և Politico-ն հայց են ներկայացրել Կոլումբիայի շրջանի դատարան։ Լրատվամիջոցները նշել են, որ մտադիր են «պաշտպանել իրենց իրավունքներն Առաջին փոփոխության շրջանակում և պաշտպանել այն սկզբունքը, ըստ որի՝ կառավարությունը չի որոշում, թե կոնկրետ ինչ է լուսաբանում կամ հրապարակում մամուլը»։