Ռուսական ծագմամբ ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի և գրող, Վլադիմիր Վիսոցկու վերջին կինը՝ Մարինա Վլադին, մահացել է հինգշաբթի՝ սեպտեմբերի 24-ին, 88 տարեկան հասակում։ Այդ մասին նրա ընտանիքը հայտնել է Ֆրանսպրես գործակալությանը։

Դերասանուհու երեխաները պատմել են, որ նա մահացել է «իր տանը՝ հարազատների և իր կենդանիների շրջապատում»։ Հայտարարության մեջ նրանք նրա կյանքը բնութագրել են որպես «երկար, գեղեցիկ և լիարժեք»։

Մարինա Վլադին ծնվել է 1938 թվականի մայիսի 10-ին Կլիշիում՝ ռուս էմիգրանտների ընտանիքում, որոնք լքել էին Ռուսաստանը 1917 թվականի հեղափոխությունից հետո։ Երիտասարդ տարիներին նա զբաղվել է բալետով և եղել է Փարիզի օպերայի բալետի դպրոցի սան, սակայն շուտով պարուհու կարիերան փոխարինել է դերասանականով։

Վլադին իր առաջին դերը ստացել է 10 տարեկանում՝ Ժան Ժերեի «Ամառային ամպրոպ» (Orage d'été, 1949) ֆիլմում։

Ռեժիսոր Ռոբեր Օսեյնի ղեկավարությամբ, որի հետ նա ամուսնացել էր ընդամենը 17 տարեկանում, Վլադին նկարահանվել է չորս ֆիլմում՝ «Սրիկաները դժոխք կընկնեն» (1955), «Ներիր մեզ մեր մեղքերը» (1956), «Դու՝ թույն» (1958) և «Լրտեսների գիշերը» (1959)։ Միասին նրանք դարձել էին այն ժամանակվա ֆրանսիական կինեմատոգրաֆի ամենանշանավոր զույգերից մեկը։

Մարկո Ֆերրերիի «Ամուսնական մահիճ» (1963) ֆիլմում խաղացած դերի համար Մարինա Վլադին Կաննի կինոփառատոնում արժանացել է լավագույն դերասանուհու մրցանակին։

1960-ականներին դերասանուհին աշխատել է Ժան-Լյուկ Գոդարի հետ՝ նկարահանվելով նրա «Երկու կամ երեք բան, որ ես գիտեմ նրա մասին» ֆիլմում։ 1970-ական և 1980-ական թվականներին նա շարունակել է նկարահանվել հանրահայտ կատակերգություններում, որոնց թվում էին Ժան Յանի «Բոլորը գեղեցիկ են, բոլորը բարի են» և Ժան-Մարի Պուարեի «Կրկին թվիստ Մոսկվայում» ֆիլմերը։