Սպիտակ տունը հինգշաբթի հայտարարել է, որ վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը, երբ դաշնային դատավորն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երեք լրատվամիջոցների նկատմամբ կիրառած արգելքը հակասահմանադրական է ճանաչել և կարգադրել անհապաղ վերականգնել նրանց մուտքը Սպիտակ տան տարածք։
Մուտքը վերականգնվել է մոտ կեսօրին՝ հինգշաբթի առավոտյան մի քանի քաոսային ժամերից հետո, երբ լրագրողներին դեռևս չէին թողնում Սպիտակ տան տարածք։ Դա երեք լրատվական կազմակերպություններին դրդել է հրատապ լսում պահանջել ԱՄՆ շրջանային դատավոր Թիմ Քելլիից, որն էլ ընդունել էր այդ որոշումը։
Երկուշաբթի Քելլին, որը քննում է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի հայցը, կարգադրել էր 14 օրով կասեցնել Թրամփի արգելքի գործողությունը։ Մամուլի ազատության վերաբերյալ գործը վերջին շաբաթվա ընթացքում միաժամանակ զարգանում էր ինչպես դատարանի դահլիճում, այնպես էլ Սպիտակ տան տարածքում։
Քելլին հանգել է այն եզրակացության, որ լրագրողներին Սպիտակ տան հավատարմագրումից զրկելը, ըստ ամենայնի, «խախտել է նրանց սահմանադրական իրավունքները պատշաճ իրավական ընթացակարգի նկատմամբ»։
Դատավորը, որին Թրամփը նշանակել էր 2017 թվականին՝ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում, միաժամանակ կասկած է հայտնել ԱՄՆ արդարադատության նախարարության ազգային անվտանգության վերաբերյալ այն փաստարկների վերաբերյալ, որոնցով վարչակազմը հիմնավորում էր արգելքը։ Քելլին նշել է, որ հենց Թրամփն էր հայտարարել՝ որոշման պատճառը, նախագահի պնդմամբ, այդ լրատվամիջոցների կեղծ կամ բացասական հրապարակումներն էին։
Որոշման հրապարակումից մի քանի ժամ անց CNN-ը, MS NOW-ը և Politico-ն դատավորին հայտնել են, որ դեռևս մուտք չեն ստացել, և խնդրել են անցկացնել հրատապ լսում։ Politico-ն հայտարարել է, որ իր թղթակցից վերցրել են հավատարմագիրը։ MS NOW-ի լրագրողուհուն չեն թողել Սպիտակ տուն, իսկ CNN-ը հայտնել է, որ աշխատակիցներից ոմանց մերժել են մուտք գործել Սպիտակ տան տարածք։
Ի պատասխան՝ Սպիտակ տան մամուլի ծառայության տնօրեն Միկա Ստոպերիչը դատական փաստաթղթում հայտարարել է, որ վարչակազմը լրագրողների անցագրերի վերականգնման գործընթացը սկսել է առավոտյան 7:25-ին։ Նրա ասելով՝ մամուլի ծառայության աշխատակիցներն «անցագրերը թողել էին մուտքի դարպասների մոտ», որպեսզի լրագրողները կարողանան վերցնել դրանք մոտավորապես 9:55-ին։
Թրամփն անցած ուրբաթ իր սոցիալական ցանցում հայտարարեց արգելքի մասին՝ ասելով, որ այդ լրատվական կազմակերպությունները «չպետք է հնարավորություն ունենան շարունակաբար հրապարակելու կամ տարածելու ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐ և ՍՈՒՏ», երբ լուսաբանում են ԱՄՆ նախագահի գործունեությունը։ Թրամփը նրանց հրապարակումները ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Է անվանել։
Երեք լրատվամիջոցները հայց են ներկայացրել Թրամփի և նրա վարչակազմի այլ ներկայացուցիչների դեմ՝ հայտարարելով, որ արգելքը խախտում է ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությամբ երաշխավորված խոսքի ազատությունն ու մամուլի ազատությունը, ինչպես նաև պատշաճ իրավական ընթացակարգի իրենց իրավունքը։




























