Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տարածքում գտնվող Սուրբ Գևորգի Կուրմուխի տաճարի տարածքում իրականացվող պեղումների կապակցությամբ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Թբիլիսիում հայտարարել են, որ շինարարահետազոտական աշխատանքներն իրականացվում են միակողմանի կարգով, և Վրաստանի պաշտոնական իշխանություններին կոչ են արել անհապաղ միջամտել իրավիճակին։
Վրաց ուղղափառ եկեղեցում տաճարը համարում են Վրաստանի պատմական և հոգևոր ժառանգության կարևորագույն հուշարձան։ Պատրիարքարանում ընդգծել են, որ Ադրբեջանի պետական գերատեսչություններից աշխատանքների վերաբերյալ որևէ տեղեկություն չեն ստացել։ Այնտեղ Վրաստանի համապատասխան կառույցներին կոչ են արել Բաքվից շտապ պաշտոնական տվյալներ պահանջել և հասնել նրան, որ գործընթացին մասնակցեն վրացի փորձագետներն ու հոգևորականները։
«Ցանկացած միջամտություն՝ թե՛ հենց տաճարին, թե՛ հարակից տարածքին, բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ սկսած աշխատանքների անհասկանալի նպատակներից մինչև Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձանի վերականգնումը առանց վրացական կողմի համաձայնեցման։ <…> Միայն ժամանակին և համակարգված համագործակցությունը թույլ կտա ապահովել այս հուշարձանի պատշաճ պաշտպանությունն ու պահպանությունը»,- ասվում է Վրաց ուղղափառ եկեղեցու հայտարարության մեջ։
Պատրիարքարանում հավելել են, որ տեղի ունեցողը վրաց հասարակության մեջ առաջացրել է «սուր արձագանք և արդարացի վրդովմունք», ինչը կարող է բացասաբար անդրադառնալ երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների վրա։
Պատրիարքարանի հայտարարության առիթը դարձել են «Սաինգիլոյի երիտասարդական շարժում» հասարակական շարժման հրապարակած լուսանկարները։ Հրապարակված կադրերում երևում է, որ Սուրբ Գևորգ եկեղեցու շուրջը և ներսում հիմքը փորված է։ Ակտիվիստների տվյալներով՝ ադրբեջանական կողմը հնագիտական աշխատանքներ է իրականացնում՝ առանց վրացի վերականգնողների ներգրավման և առանց Վրաց ուղղափառ եկեղեցուն տեղեկացնելու։ Կադրերը լայն արձագանք են ստացել վրացական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։
Ի պատասխան՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է.
«Վերջին հայտարարությունը Վրաց պատրիարքարանի կողմից Ադրբեջանի տարածքում գտնվող Քյուրմյուք տաճարի վերաբերյալ հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև գոյություն ունեցող բարեկամության, գործընկերության և բարիդրացիության հարաբերությունների ոգուն։
Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անվանումներով ներկայացնելն անընդունելի է։
Ադրբեջանը միշտ հարգանքով է վերաբերվել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Միևնույն ժամանակ, վրացական կողմի նույնպիսի վերաբերմունքը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը կարևոր հիմք է երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական գործընկերության հարաբերությունների համար։
Կարևոր է, որ կրոնական կազմակերպությունները զերծ մնան այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնաս հասցնել բարեկամության և բարիդրացիության պատմական հարաբերություններին, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների միջև։
Այս կապակցությամբ խորհուրդ չի տրվում, որ Վրաց պատրիարքարանը կրկնի Հայ առաքելական եկեղեցու հայտնի մոտեցումները և հետևի նրա օրինակին։
Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները ադրբեջանական ժողովրդի և ադրբեջանական պետության ազգային ժառանգության անբաժանելի մասն են»։





























