Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է տարեկան 15 հազար դոլար վճարել իր տարածքում տեղակայված յուրաքանչյուր ամերիկացի զինծառայողի համար, ինչպես նաև հոգալ անհրաժեշտ ենթակառուցվածքների ծախսերը։ Այս մասին Վաշինգտոնում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին (RFE/RL) տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին։

Այս առաջարկը քննարկվում է Լեհաստանում ամերիկյան մշտական ռազմաբազա ստեղծելու շուրջ Վարշավայի և Պենտագոնի միջև ընթացող բանակցությունների շրջանակում։ Զալևսկու խոսքով՝ կողմերը դեռևս համաձայնեցնում են այս ծրագրի իրագործման տարբերակները, այդ թվում՝ զինծառայողների թվաքանակը, նրանց հնարավորությունները և տեղակայման հավանական վայրերը։

«Մենք շատ յուրահատուկ պայմաններ ենք առաջարկում ամերիկյան զորքերի համար»,- ասել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ Լեհաստանը պատրաստ է ֆինանսավորել ենթակառուցվածքները և տարեկան 15 հազարական դոլար հատկացնել երկրում գտնվող յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար։ Այն հարցին, թե ում ուսերին են մնալու այդ ծախսերը, Զալևսկին պատասխանել է. «Լեհ հարկատուների»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 17-ին հայտարարել էր, որ Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի ստեղծման աշխատանքներն առաջ են ընթանում, և դրա գտնվելու վայրը կարող է հրապարակվել մոտ ժամանակներս։ Ընդ որում, մշտական տեղակայման վերջնական պարամետրերը դեռ հստակեցված չեն։

Ներկայումս Լեհաստանում հազարավոր ամերիկացի զինծառայողներ կան, սակայն նրանք հիմնականում տեղակայված են ռոտացիոն սկզբունքով։ Երկիրը դարձել է ՆԱՏՕ-ի արևելյան թևում դաշինքի գործողությունների առանցքային կենտրոններից մեկը։

Վարշավայում հույս ունեն, որ մշտական ռազմաբազան կապահովի ամերիկյան զինուժի ավելի երկարաժամկետ ներկայությունը։ Զալևսկին նշել է, որ մշտական տեղակայումը կերաշխավորեր ԱՄՆ-ի «մշտական հանձնառությունը» Լեհաստանի անվտանգությանը և հստակ ազդակ կլիներ Ռուսաստանի համար։

Ըստ նրա՝ ամերիկյան ուժերի տեղակայման դեպքում Լեհաստանի վրա հնարավոր հարձակումը ռուս և ամերիկացի զինվորականների ուղիղ բախման վտանգ կստեղծեր։

Զալևսկին նաև ընդգծել է, որ մշտական բազան կբխեր ոչ միայն Լեհաստանի, այլև հենց ԱՄՆ-ի շահերից։ Այս բանակցություններն ընթանում են Եվրոպայում Վաշինգտոնի ռազմական քաղաքականության վերանայման ֆոնին։

RFE/RL-ի հարցված ամերիկացի փորձագետները նկատում են, որ Լեհաստանում մշտական բազան կարող է ուժեղացնել ամերիկյան ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևում, սակայն դրա նշանակությունը կախված կլինի նրանից, թե ԱՄՆ-ն ինչ ուժեր և հնարավորություններ կպահպանի եվրոպական այլ երկրներում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ հետախուզության և անվտանգության հարցերով նախկին օգնական Դևիդ Քեթլերը նշել է, որ դաշնակիցները գնահատելու են ոչ միայն նոր բազայի ի հայտ գալը, այլև Եվրոպայում ամերիկյան ուժերի ընդհանուր թվաքանակը, դրանց արագ համալրման հնարավորությունները և համատեղ գործելու ունակությունը։

Վերջին տարիներին Լեհաստանը զգալիորեն մեծացրել է պաշտպանության և ամերիկյան սպառազինության գնման ծախսերը։ Միևնույն ժամանակ, Վարշավան ու Վաշինգտոնն ընդլայնում են էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Լեհաստանի առաջին ատոմակայանի կառուցման ծրագրերի շրջանակներում ունեցած համագործակցությունը։