ԱՄՆ Վիրջինիա նահանգում մոտ 19 ժամ տևած լայնամասշտաբ որոնումներից հետո անտառում գտել են երկու տարեկան Բրիջիթ Մեյվ Զայգլերին, հայտնում է New York Post-ը:
Գործողությանը մասնակցել են տեղական և դաշնային իրավապահ մարմինները, այդ թվում՝ ՀԴԲ-ն:
Վիրջինիայի նահանգային ոստիկանության տվյալներով՝ փոքրիկն անհետացել էր հինգշաբթի օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում: Նա դուրս էր եկել Քամբերլենդ շրջանի Հիդդեն Վելի ռոուդ տարածքում գտնվող իրենց տնից, որը հարակից է խիտ անտառին և պետական անտառային ֆոնդի տարածքին:
Անհետանալու պահին Բրիջիթը նարնջագույն զգեստով էր, կապույտ վերարկուով և սպիտակ մարզակոշիկներով: Նրա կորչելու մասին ոստիկանությանը հայտնել էին մեկ ժամ էլ չանցած: Նույն երեկոյան իշխանությունները երեխայի անհետացման կամ վտանգի մասին հատուկ ազդանշան էին ազդարարել:
Որոնումներում ներգրավել էին ավիացիա, կինոլոգիական խմբեր, ինչպես նաև իրավապահ մարմինների ու փրկարար ծառայությունների մեծաթիվ աշխատակիցների: Իշխանությունները դիմել էին նաև որսորդներին՝ խնդրելով ստուգել տարածքում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները:
Ուրբաթ կեսօրին աղջկան գտել են Անդերսոն Հայվեյի մոտակա անտառում: Նրա վիճակի մասին այլ մանրամասներ իշխանությունները դեռևս չեն հայտնել: Անհայտ է մնում նաև, թե ինչ է տեղի ունեցել տնից հեռանալուց հետո, և արդյոք երեխային բժշկական օգնություն պահանջվել է, թե ոչ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են Քամբերլենդ շրջանի շերիֆի գրասենյակը, ՀԴԲ-ն, Վիրջինիայի նահանգային ոստիկանությունը, Նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտը և իրավապահ, հրդեհային ու փրկարարական այլ ծառայություններ:



























