Իրանն իր զինված ուժերի ռազմավարական կարողությունների մի մասը տեղափոխել է պաշտպանված շրջաններ և ստորգետնյա ենթակառուցվածքներ՝ երկրի պաշտպանական ներուժն ապահովելու նպատակով: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ռեզա Թալայի-Նիկը, փոխանցում է Tasnim գործակալությունը:
Նրա խոսքով՝ տարիներ ի վեր Իրանի դեմ պատերազմների պատճառ են դարձել աշխարհաքաղաքական նպատակներն ու տարածաշրջանում երկրի ռազմավարական դիրքի վրա ազդելու փորձերը: Գեներալը նշել է, որ առանձնահատուկ նշանակություն ունեն էներգետիկ ռեսուրսները, Պարսից ծոցը և ռազմավարական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցը:
Թալայի-Նիկը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ վերջին պատերազմների ընթացքում, իրանական կողմի գնահատմամբ, նախկին նպատակներին ավելացել են Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը, հրթիռային ու տարածաշրջանային ներուժը, ինչպես նաև ռազմածովային կարողությունները թուլացնելու փորձերը:
Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը պնդել է, թե հակառակորդին չի հաջողվել հասնել իր հիմնական ռազմավարական նպատակներին, մինչդեռ Իրանը, նրա խոսքով, կարողացել է «վնաս հասցնել հակառակորդին»:
Խոսելով պաշտպանական ներուժի պահպանմանն ուղղված քայլերի մասին՝ Թալայի-Նիկը նշել է, որ զինված ուժերի ռազմավարական կարողությունների մի մասը դեռ նախորդ տարիներին էր տեղափոխվել ապահով տարածքներ և ստորգետնյա օբյեկտներ:
Ըստ նրա՝ դա թույլ է տվել ձախողել Իրանի պաշտպանական ներուժի և սպառազինության արտադրության հնարավորությունների վերաբերյալ հակառակորդի որոշ հաշվարկներ:
Գեներալը նաև կոչ է արել միաժամանակ ամրապնդել երկրի պաշտպանունակությունն ու ներքին ներուժը: Նա ընդգծել է, որ Իրանը պետք է բարձրացնի դիմադրողականությունը տարբեր ոլորտներում՝ զսպման կարողությունը պահպանելու համար:





























