Թայլանդի Պրաչինբուրի նահանգում ջրասույզ եղած Վատ Փհո Թհոնգ տաճարից ավելի քան 400 կգ քաշ ունեցող կոկորդիլոս են տարհանել։ Այս մասին հայտնել է «The Nation» թերթը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին տաճարի ներկայացուցիչները դիմել են տեղական իշխանություններին՝ խնդրելով փրկել ջրհեղեղի գոտում հայտնված կենդանուն։ Նրա ազատավանդակի մոտ ջրի մակարդակը բարձրացել էր շուրջ 1,3 մետրով։ Տաճարի վանահայրն ու միաբանները մտավախություն ունեին, որ կոկորդիլոսը կարող է դուրս պրծնել ազատավանդակից ու հայտնվել գետում։
27-ամյա և ավելի քան 4 մետր երկարությամբ սողունի փրկության գործողությունն իրականացրել են տեղական իշխանությունները՝ կամավորների և Ձկնային տնտեսության դեպարտամենտի հետ համատեղ։ Տեղափոխման համար փրկարարները պարաններով կապել են կոկորդիլոսի դունչն ու թաթերը, ապա նրան դուրս են բերել ճանապարհ և բեռնատարի վրա տեղադրված վերամբարձ կռունկով բարձրացրել մեքենայի վրա։ Կենդանուն տեղափոխել են տաճարից շուրջ 20 կմ հեռավորության վրա գտնվող ժամանակավոր կացարան։
Տեղատարափ անձրևների առաջացրած ջրհեղեղները պատուհասել են Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկն ու թագավորության մի շարք նահանգներ։ Մայրաքաղաքում սեպտեմբերի 24-ից ի վեր տեղացել է ավելի քան 300 մմ անձրև, իսկ աղետի հետևանքները կրել է շուրջ 52 հազար տնային տնտեսություն։ Իշխանությունները սեպտեմբերի 28-ն ու 29-ը Բանգկոկում և հարևան երեք նահանգներում՝ Նոնթաբուրիում, Փաթհումթհանիում և Սամուտպրականում, հայտարարել են ոչ աշխատանքային օրեր, ժամանակավորապես փակել դպրոցներն ու տուժածների համար տեղավորման կետեր բացել։




























