Ահաբեկչական խմբավորումներն ակտիվորեն յուրացնում են նորագույն տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական բանականությունը, և փորձում օգտվել տարբեր երկրների անկայունությունից ու թույլ պետական կառավարումից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչության ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ալեքսանդր Զուևը։

Նրա խոսքով՝ ահաբեկչական սպառնալիքը փոխում է իր դեմքը, իսկ հանցավոր խմբերը հետզհետե ավելի վարժ են կիրառում ժամանակակից տեխնիկական միջոցները։

«Ահաբեկչությունը ձևափոխվում է։ Խմբավորումներն ավելի ու ավելի հաճախ են դիմում նոր տեխնոլոգիաների, ներառյալ արհեստական բանականության օգնությանը, և փորձում են իրենց ծառայեցնել անկայունությունն ու թույլ պետական կառավարումը, հատկապես Աֆրիկայի որոշ շրջաններում»,- ընդգծել է Զուևը։

Նա շեշտել է, որ ահաբեկչության փոփոխվող բնույթը պահանջում է անմնացորդ ուշադրություն և նոր մարտահրավերներին դիմակայելու մշտական պատրաստվածություն։

Հայտարարությունն արվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Հակաահաբեկչական կոմիտեի հիմնադրման 25-ամյակի առթիվ։