Շվեյցարական Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ընթացքում նրա դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կեղծ մեղադրանք են ներկայացրել Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) իսլամական ծագումով աշխատակցուհուն, ինչից հետո նրան ազատել են աշխատանքից, հայտնում է Tages-Anzeiger թերթը։

Պարբերականի փոխանցմամբ՝ հունվարին Բեռնում ԱՄՆ դեսպանատան էլեկտրոնային հասցեին անանուն նամակ է ստացվել, որում կնոջը որակել են որպես Իրանի գործակալ, ով համակարգում է Թրամփի սպանության ծրագրերը։ Շվեյցարիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել և ձերբակալել ՀՏՖ-ում որպես IT մասնագետ աշխատող կնոջը։ Նրան հարցաքննել են ավելի քան վեց ժամ, ինչի ընթացքում նա հերքել է բոլոր մեղադրանքները։ Հարցաքննությունից հետո կնոջը մեկ գիշեր պահել են կալանքի տակ, իսկ հաջորդ օրն ազատ արձակել։ Եվս մեկ օր անց ՀՏՖ ղեկավարությունը նրան հեռացրել է աշխատանքից՝ պատճառաբանելով գաղտնիության ռեժիմի խախտումը։

Ավելի ուշ դատախազությունը ընդունել է, որ մեղադրանքները չեն հաստատվել, և կարճել է գործը։ Կնոջը փոխհատուցում են վճարել, իսկ ՀՏՖ-ի հետ նա համաձայնագիր է կնքել՝ ստանալով չորս ամսվա աշխատավարձ։ Ժնևի դատախազությունն այժմ հետաքննություն է սկսել կեղծ մատնության փաստով։