Անկախության տոնին Հանրապետության հրապարակում ելույթ ունեցած երգիչ Թաթա Սիմոնյանն արձագանքել է իրեն ուղղված քննադատություններին, այդքան մեծ հոնորար պահանջելու մեղադրանքներին։

Երգչի թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որրտեղ ասված է.

«Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, թե Թաթա Սիմոնյանը պետական միջոցներից ստացել է 20 միլիոն դրամ անձնական հոնորար։ Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

20 միլիոն դրամը նախատեսված է ամբողջ երաժշտական նախագծի իրականացման համար և չի հանդիսանում Թաթա Սիմոնյանին վճարված անձնական հոնորար։

Այս պահի դրությամբ այդ գումարից շուրջ 2 միլիոն դրամ արդեն իսկ վճարվել է որպես հարկ, 2 միլիոն 600 հազար դրամ փոխանցվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, 1 միլիոն 390 հազար դրամ վճարվել է Levon Travel ընկերությանը, շուրջ 2 միլիոն դրամ ուղղվել է նոտագրման, գործիքավորման, ձայնագրման և պարտիտուրաների ստեղծման աշխատանքներին, 400 հազար դրամ կազմել է ստուդիայում ձայնային մշակումը, իսկ մոտ 700 հազար դրամ՝ ադմինիստրատիվ ծախսերը։ Այսպիսով, վերոնշյալ և արդեն իսկ կատարված ծախսերը կազմում են շուրջ 9 միլիոն դրամ։

Մնացած բյուջեն նախատեսված է Երևանին նվիրված տեսահոլովակի նկարահանման և դրա հետ կապված արտադրական աշխատանքների համար։ Հետագա աշխատանքների և վճարումների ընթացքում ևս առաջանալու են համապատասխան հարկային պարտավորություններ։

Նշենք նաև, որ ստեղծագործության հեղինակը հենց Թաթա Սիմոնյանն է, սակայն որպես երգի հեղինակ նա որևէ առանձին հեղինակային հոնորար չի ստացել։

Այս պարզաբանման նպատակը պարզապես իրական պատկերը ներկայացնելն է․ խոսքը մեկ ամբողջական երաժշտական նախագծի բյուջեի մասին է, ոչ թե Թաթա Սիմոնյանին վճարված 20 միլիոն դրամ անձնական հոնորարի»։