Կենտրոնական Չինաստանի մանկավարժական համալսարանի քիմիկոսները և նրանց գործընկերները մշակել են աղբամանների համար արևային կափարիչ, որը տհաճ հոտերը քայքայում է անմիջապես տեղում։ Environmental Science & Technology հանդեսում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նոր սարքն արդյունավետորեն չեզոքացնում է քացախաթթուն՝ հիմնական նյութը, որը թափոններին տալիս է բնորոշ թթու հոտ, օգտագործելով միայն արևի լույսը և հատուկ կատալիզատոր։
Դրսում գտնվող սննդային թափոնները, հատկապես տաք և խոնավ կլիմայում, արագ քայքայվում են։ Փտման ընթացքում առաջանում է քացախաթթու, որը հենց դառնում է փողոցներում տարածվող սուր գարշահոտության պատճառը։ Ակտիվացված ածխով ավանդական ֆիլտրերը միայն ժամանակավորապես են պահում հոտերը՝ շոգի և բարձր խոնավության պայմաններում արագ կորցնելով արդյունավետությունը։ Խնդիրը լուծելու համար գիտնականները ստեղծել են ստանդարտ տարայի կափարիչի համար հանվող, գազաթափանց մոդուլ։ Հարթ մոդուլն ամրացվում է անմիջապես բացվող կափարիչին՝ սեղմակների օգնությամբ։
Ներդիրի ներսում գտնվող ոսպնյակը, որի համար կափարիչի վրա հատուկ անցք է բացվում, կենտրոնացնում է արևի լույսը մանգանի երկօքսիդից պատրաստված կատալիզատորի շերտի վրա։ Ազդեցությունն ուժեղացնելու համար քիմիկոսները դրա հետ իոնային կապով միացրել են լիթիում, որը գործում է որպես էլեկտրոնների արագացուցիչ։ Դա նյութին հնարավորություն է տվել ոչ թե պարզապես կլանել ցնդող թթուները, այլ նպատակային կերպով քայքայել գարշահոտություն առաջացնող մոլեկուլների քիմիական կապերը։
Իրական պայմաններում անցկացված փորձի ընթացքում մշակված կափարիչն անընդհատ քայքայում էր փտող մրգերից, հացից և գինուց արտազատվող քացախաթթուն։ Փորձարկումը ցույց տվեց սարքի բացառիկ երկարակեցությունը․ կատալիզատորը պահպանել է իր կայունությունն ու արդյունավետությունը ավելի քան 40 օր՝ բնական արևային լույսի ազդեցության տակ, բարձր խոնավության նկատմամբ դիմադրություն ցուցադրելով։
Ներկայում կոմունալ ծառայությունները տհաճ հոտը վերացնելու համար օգտագործում են քիմիական բուրավետիչներ կամ տարաների կանոնավոր լվացում, ինչը ջրի և ռեագենտների զգալի ծախսեր է պահանջում։ Կափարիչի մշակողների կարծիքով՝ հոտերի դեմ տեղային պայքարի համար արևային էներգիայի օգտագործումը նոր հեռանկարներ է բացում աղբի էկոլոգիական ուտիլիզացիայի ոլորտում։





























