Գերմանիայում Հռենոս գետի ջրի ցածր մակարդակի պատճառով ավազուտում խրված բեռնանավը դուրս է բերվել այնտեղից և հինգ օրվա ուշացումով շարժվել դեպի Նիդերլանդներ: Այս մասին «dpa» գործակալությանը հայտնել է «Mosolf» լոգիստիկ ընկերության ներկայացուցիչը:

135 մետր երկարությամբ նավը դուրս է եկել Դյուսելդորֆի նավահանգստից և ուղևորվում է Ռոտերդամ: Նավում է գտնվում «Mercedes-Benz Sprinter» մոդելի 160 ֆուրգոն, որոնք արտադրվել են Դյուսելդորֆի ավտոհամերցեռնի գործարանում:

Ջրի ծայրահեղ ցածր մակարդակի պատճառով նավը երկուշաբթի օրը նստել էր ավազուտի վրա: Դրանից ազատվելու փորձերը, այդ թվում՝ բեռի վերաբաշխումը և խարսխային ճախարակի կիրառումը, սկզբում արդյունք չէին տվել: Հաջորդ օրը նավահանգստից դուրս եկող մեկ այլ բեռնանավ կարողացել է շարժել արգելափակված նավը:

Դրանից հետո նավը վերադարձել է նավահանգիստ, որտեղ բեռի մի մասը ցած են բերել՝ նավի ընկղմման խորությունը նվազեցնելու համար: Երբ ջրի մակարդակը փոքր-ինչ բարձրացել է, նրան թույլատրել են շարունակել ճանապարհը:

Միջադեպից հետո դրա պատճառների շուրջ վեճ է բռնկվել: Նավահանգստային իշխանությունները հայտարարել են, որ նավապետը սխալ է գնահատել նավի քաշն ու սուզվածքը: «Mosolf» ընկերությունը հերքել է այս վարկածը՝ մատնանշելով հունի անհրաժեշտ խորացման բացակայության պատճառով առաջացած անբավարար խորությունը:

«Mosolf»-ի մենեջեր Յուրգեն Ռիխտերի խոսքով՝ տեղափոխվող ավտոմեքենաների քաշը հիմնական խնդիր չի եղել: Բոլոր 160 ֆուրգոնները միասին կշռել են մոտ 390 տոննա, մինչդեռ նավի թույլատրելի բեռնատարողությունը 3500 տոննա է: Ավազուտից հանելուց հետո լրացուցիչ բեռնաթափել են ևս 50 ավտոմեքենա:

Տևական երաշտի պատճառով Հռենոսում ջրի մակարդակը շարունակում է անսովոր ցածր մնալ: Վերջին օրերին այն փոքր-ինչ բարձրացել է, սակայն սակավաջրությունը, ըստ կանխատեսումների, դեռ կպահպանվի: