Վերջին օրերին մի քանի անգամ հանդիպել եմ երկու արցախյան պատերազմների և 2023 թվականին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորածների հարազատներին։ Ազգային ժողովի հոկտեմբերի 6-ի նիստում այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը։

Ինչպես նշել է պատգամավորը, այդ ընտանիքներում տարիներով չեն նշում ոչ ծննդյան օրերը, ոչ Նոր տարին և ոչ էլ որևէ այլ տոն։

«Նրանք նույնիսկ մի կտոր հաց չեն կարողանում ուտել, որովհետև չգիտեն՝ արդյոք ողջ են իրենց հայրերը, եղբայրներն ու որդիները։ Եթե ողջ են, ապա այսօր առհասարակ որևէ բան կերե՞լ են, թե՞ ոչ», — ասել է Ավետիսյանը։

Պատգամավորը, մասնավորապես, իշխանություններին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիներին վերադարձնելու և անհետ կորածներին գտնելու ուղղությամբ, քանի դեռ ուշ չէ։

Խորհրդարանականի խոսքով՝ հայկական կողմը չպետք է սպասի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Վերոնշյալ բոլոր քայլերը հրատապ լուծում են պահանջում։