Երևանի 33 համարի երթուղին սպասարկող ավտոբուսում այսօր՝ հոկտեմբերի 7–ին, առավոտյան 8.30–ի սահմաններում պատահար է տեղի ունեցել։ Արամ Այվազյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմել է, որ գերբեռնված ավտոբուսում հավասարակշռությունը կորցնելով բռնվել է դռնից, ինչի հետևանքով մատը մնացել է բացվող դռան արանքում ու կոտրվել, իսկ ավտոբուսի վարորդը որևէ օգնություն չի ցուցաբերել, շտապ օգնություն չի կանչել, այլ փակել է ավտոբուսի դռներն ու հեռացել։

41-ամյա տղամարդու մատը վիրահատվել է և չնայած նման դեպքերում բժշկական կենտրոնն ահազանգում է ոստիկանություն, այս դեպքում դա տեղի չի ունեցել։ Քաղաքացին ինքն է դիմել ոստիկանություն ու բողոք ներկայացրել։

Արամ Այվազյանի վիրահատության, հետազոտությունների և դեղորայքի ընդհանուր ծախսը կազմել է շուրջ 350 հազար դրամ։ Բոլոր բժշկական փաստաթղթերն ու վճարման կտրոնները Երևանի քաղաքապետարան ներկայացնելուց և ծախսերի փոխհատուցում խնդրելուց հետո, նա սակայն ստացել է մերժում։ Քաղաքապետարանից պատճառաբանել են, թե դեպքի մասին ապացույցներ չկան։

Արամ Այվազյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Գործի գնալուց հասել ենք Այնթափի վերջին կանգառը, մարդիկ այնքան շատ էին, որ ինձ հրեցին, ընկնելու պահին իներցիայի տակ ձեռս գցեցի դռան վերևից, որ բռնվեի, մատս մնաց դռան և պետլիի արանքը։ Այդ ընթացքում գոռացել եմ՝ մատս, դուռը փակեք։ Վարորդը դուռը փակել է, դուրս եմ եկել, մարդիկ գոռացել են՝ մատը լխճվեց։ Հետո մարդիկ բարձրացրել են, վարորդը քշել, գնացել է։ Առավոտյան 8:20–ին է դեպքը տեղի ունեցել։

Այդ պահին, ասենք, կանգառի մարդիկ անձեռոցիկ են բերել, սանտավիկ են բերել, փաթաթել ենք, պատահական տաքսի եմ կանգնացրել, եկել«Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ռենգեն են արել, ասել են, որ կոտրված է, պետք է վիրահատվի, հավաքվի։ Վիրահատել են, հավաքել են սպիցներով, հիմա չգիտեմ ինչ կլինի վերջում։

Այս աջ ձեռքիս ցուցամատի հատվածից կոտրվել է, ունեմ էպիկրիզը, այդ օրը ամեն ինչ արել են ու ես հենց այդ օրն էլ գնացել եմ տուն, չեմ մնացել։ Ոստիկանությունից չեն եկել, մի չորս օր առաջ մենք ենք զանգել ոստիկանություն, ոստիկանության տարածքայինը եկել է տուն, արձանագրել է, ասել է՝ ձեզ կզանգեն, կկանչեն։ Հիմա չգիտեմ սպասում ենք իրենց զանգին, որ զանգեն կամ գան կամ կանչեն բաժին։ Դե բժշկական կենտրոնում ասել եմ՝ ու՞ր են ձեր ոստիկանները, արձագանք չի եղել։ Մի քանի անգամ կրկնել եմ, բայց ոչ մի արդյունք։

Նույն օրը, մինչև վիրահատությունը քաղաքապետարան եմ զանգել, ինձ ասել են, որ դա մեզ հետ կապ չունի, Դա ձեր անփութությունն է, ոչ մի բանով չենք կարող օգնել։ Դիմում-բողոք ենք ներկայացրել օնլայն, պատասխանը եկել է մի երեք օր առաջ, ասում են՝ հիմնավոր փաստեր չկան, ոչ մի բան չենք կարող անել։ Ես զարմանում եմ, ասենք բոլոր ավտոբուսների մեջ կա տեսախցիկ, ասենք այդ ոնց է այդ ավտոբուսի մեջը չկա։ Հիմնավոր փաստը դա է, որ ավտոբուսում է եղել դեպքը»։