ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնվել են փակուղային իրավիճակում, ինչը կարող է դրդել կողմերից մեկին կամ երկուսին էլ գնալ լարվածության սրացման, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Նրա գնահատմամբ՝ դա «շատ վտանգավոր» իրավիճակ է ստեղծում։
«Սա չափազանց վտանգավոր պատերազմ է, որովհետև, անկեղծ ասած, այժմ, կարծես, պատային իրավիճակ է ստեղծվել։ Իսկ պատային իրավիճակները շատ վտանգավոր են»,- եվրոպական շրջագայությունն ավարտելուց հետո՝ Պորտուգալիայում կանգառի ժամանակասել է Ռուբիոն։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Մոսկվայի և Կիևի միջև ցանկացած էսկալացիա կարող է արագ հանգեցնել հակամարտության ընդլայնմանը։
«Դա կարող է արագորեն երկու երկրների միջև պատերազմը վերածել շատ ավելի լայնածավալ և շատ ավելի վտանգավոր տարածաշրջանային հակամարտության»,- նախազգուշացրել է Ռուբիոն։
Նա նշել է, որ կողմերը փորձել են բանակցությունների միջոցով հասնել կարգավորման։ «Մենք կշարունակենք փորձել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոյի հայտարարությունը հնչել է նույն օրը, երբ Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է խաղաղ բնակիչների վրա միտումնավոր հարված հասցնելու մեջ, երբ առաջնագծին մոտ գտնվող Կրամատորսկում երկու ավտոբուսների պայթյունի հետևանքով զոհվել է 30 մարդ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս հարձակումը «անպատասխան չի մնա»։
Ռուբիոն այս դրվագն ուղղակիորեն չի կապել հետագա լարվածության սրման հնարավորության հետ, սակայն նշել է երկարաձգված ռազմական փակուղու ընդհանուր վտանգը, որը կարող է կողմերից յուրաքանչյուրին դրդել ուժային ճանապարհով փորձել փոխել իրավիճակը։




























