Եվրամիությունը քննարկում է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար վիզային սահմանափակումների հետագա խստացումը, ինչպես նաև ռուս դիվանագետների տեղաշարժի նոր սահմանափակումները՝ չնայած ԵՄ անդամ պետությունների միջև պահպանվող տարաձայնություններին և ՌԴ քաղաքացիների նկատմամբ արգելքների հավաքական կիրառման վերաբերյալ մտահոգություններին։ Այս մասին հայտնում են եվրոպական ԶԼՄ-ները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

«Politico» պարբերականի տեղեկություններով՝ համապատասխան հարցերը նախատեսվում է քննարկել երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ արտգործնախարարների նիստում:

Դիտարկվում են, մասնավորապես, ՌԴ քաղաքացիների երեք կատեգորիաներ՝ զբոսաշրջիկներ, մարտական գործողությունների նախկին մասնակիցներ և դիվանագետներ:

Ընդ որում, ինչպես նշում են պարբերականի զրուցակիցները, Ֆրանսիան և Իտալիան նախկինում դիմադրում էին ռուսաստանցի զբոսաշրջիկների համար վիզային ռեժիմի խստացմանը (քանի որ ընդունում են ՌԴ մեծաթիվ քաղաքացիների)։ Այնուամենայնիվ, դիվանագիտական աղբյուրների ներկայիս գնահատականներով, Փարիզը, ըստ ամենայնի, պատրաստ է ճշգրտել իր դիրքորոշումը:

«Politico»-ի փոխանցմամբ՝ ռուս դիվանագետների նկատմամբ քննարկվում են հավելյալ սահմանափակումների երկու տարբերակ՝ հավատարմագրման երկրի սահմաններից դուրս տեղաշարժի արգելք կամ, ինչպես հյուրընկալող, այնպես էլ նշանակման երկրից նախապես թույլտվություն ստանալու պարտավորություն:

Միևնույն ժամանակ, մի շարք եվրոպացի դիվանագետներ ընդունում են իրավական բարդությունները՝ կապված նրա հետ, թե ում է պետք հստակ դասել մարտական գործողությունների նախկին մասնակիցների շարքին, ինչպես նաև քաղաքական ռիսկերը՝ առանց անհատական հանգամանքները հաշվի առնելու ամբողջ երկրի քաղաքացիների նկատմամբ սահմանափակումների համատարած կիրառման առումով:

Փարիզի և Հռոմի առարկություններից հետո նախնական առաջարկն էապես կրճատվել է:

Հուլիսին ԵՄ Խորհուրդը հաստատել է մարտական գործողությունների նախկին մասնակիցների՝ ԵՄ մուտքի արգելքի իրավական հիմքը, սակայն հետաձգել է դրա կիրառումը մինչև հավելյալ գործադիր որոշումների ընդունումը:

«Euronews»-ի տվյալներով՝ 2025 թվականին ՌԴ քաղաքացիներին տրամադրվել է ավելի քան 620 հազար շենգենյան վիզա, ինչը մոտ 10%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Հայտերի ամենամեծ քանակը մշակել են Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան։

Ընդ որում, ԵՄ երկրների միջև ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակումները մասնակիորեն գործում են դեռևս 2026 թվականի հունվարից․ դրանք նախատեսում են ուղևորությունների մասին նշանակման երկրների նախնական ծանուցում, ինչպես նաև առանձին երկրների կողմից թույլտվության կարգի սահմանման հնարավորություն:

Ներկայիս քննարկումն ընթանում է Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների նախապատրաստման ֆոնին:

Ռուսաստանը բազմիցս քննադատել է քաղաքացիության հատկանիշով ՌԴ քաղաքացիների նկատմամբ սահմանափակումների ներդրումը և ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության քաղաքականապես մոտիվացված սահմանափակումները։ Մոսկվան հայտարարել է նաև, որ ոչ բարեկամական քայլերին պատասխանելու է փոխադարձության սկզբունքով: