Իրանի հարավ-արևելքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի հետ բախման հետևանքով սպանվել են ահաբեկչական խմբավորման հինգ ենթադրյալ անդամներ, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:
Զահեդան քաղաքի Քուրին շրջանում իրականացված գործողության ընթացքում զոհվել է նաև իրանցի մեկ զինծառայող, իսկ նախօրեին առևանգված ինժեներին հաջողվել է ազատել, հայտնել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի մամուլի ծառայությունից։
Ըստ հայտարարության՝ գործողությունն անցկացվել է երեքշաբթի Սիստան և Բելուջիստան նահանգի Քուրին շրջանում։ Նախօրեին խումբն առևանգել էր Զահեդանի արևմտյան հատվածում գտնվող շինարարական օբյեկտում աշխատող մի ինժեների և մտադիր էր նրան տեղափոխել հարևան երկիր։
Առևանգումից հետո ԻՀՊԿ ցամաքային զորքերի «Քուդս» ստորաբաժանման զինծառայողները ներգրավել են հետախուզական հնարավորությունները՝ ենթադրյալ առևանգիչների գտնվելու վայրը պարզելու համար։ Նրանց թաքստոցի մասին տեղեկություն ստանալուց հետո ուժայինները Քուրին շրջանում հանկարծակի գործողություն են իրականացրել։
Բախման ընթացքում խմբի հինգ անդամներ սպանվել են, իսկ առևանգված ինժեներն ազատվել է։ ԻՀՊԿ-ի մեկ զինծառայող զոհվել է, ասվում է հայտարարության մեջ։





























