Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան լրագրողների համար անցկացրել է իր առաջին ճեպազրույցը, որը տևել է 15 րոպեից էլ պակաս, հայտնում է NBC News-ը։
Այդ ընթացքում նա խոսքի հնարավորություն է տվել միայն երեք լրատվամիջոցների՝ Breitbart-ի, Fox News-ի և Daily Mail-ի ներկայացուցիչներին, ընդ որում հանդիպման ավելի քան կեսը հատկացրել է նախապես պատրաստված հայտարարության ընթերցմանը։ Բոլոր երեք պարբերականներն էլ հետևում են պահպանողական խմբագրական գծի։
Զաքարիան, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ նշանակել է այս պաշտոնում, հայտարարել է, որ մտադիր է ամերիկացիներին պատմել պետության ղեկավարի ձեռքբերումների մասին և աջակցել նրա քաղաքական օրակարգին։ Ավելի վաղ նա աշխատել է Trump Media & Technology Group-ի հաղորդակցությունների գծով ավագ խորհրդական և հանդես է եկել որպես պահպանողական քաղաքական մեկնաբան։
«Իմ նպատակն այս տեղեկությունը հասցնելն է նախագահին լիովին համահունչ, քանի որ հենց նա է ինքն իր լավագույն ներկայացուցիչը և, անկասկած, հենց նա էլ կսահմանի ուղղությունը»,- ասել է մամուլի քարտուղարը։
Նա ընդգծել է, որ ցանկանում է հնարավորինս լայնորեն լուսաբանել Թրամփի վարչակազմի հաջողությունները և ամերիկացիներին բացատրել, թե ինչ փոփոխությունների է հաջողվել հասնել կարճ ժամանակում։ Զաքարիան հայտարարել է նաև, որ նախագահը կշարունակի ակտիվ նախընտրական արշավը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ, որոնք նախատեսված են նոյեմբերին։ Թրամփի հաջորդ կանգառների թվում նա նշել է Կենտուկին, Ջորջիան և Ֆլորիդան։
Ճեպազրույցի ընթացքում Զաքարիան հայտնել է, որ վարչակազմը Հունաստանում ԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլին, խնդրել է հրաժարական տալ ոչ պատշաճ վարքագծի մեղադրանքների ֆոնին։ Մանրամասներ նա չի ներկայացրել։
Պատասխանելով Fox News-ի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն դադարեցրե՞լ է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ, մամուլի քարտուղարը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ կլինի ճշտել տեղեկությունը և վերադառնալ այդ հարցին։
Զաքարիայի նշանակումը տեղի է ունեցել Թրամփի վարկանիշների նվազման և ընտրողների մի մասի դժգոհության հետնապատկերին՝ նրա տնտեսական քաղաքականության առնչությամբ։ Ըստ NBC News-ի՝ անցյալ ամիս հրապարակված հարցման, նախագահի աշխատանքը հավանություն էր տալիս գրանցված ընտրողների 41%-ը, ինչը նրա երկրորդ ժամկետի ամենացածր ցուցանիշն է։ Հարցվածները միաժամանակ մեծամասամբ բացասաբար էին գնահատում նրա գործողությունները տնտեսության ոլորտում։
Իրանի հետ պատերազմը, վառելիքի գների աճը և գնաճն ուժեղացնում են ճնշումը վարչակազմի վրա։ Վերջին օրերին Հանրապետական կուսակցությունից որոշ թեկնածուներ մրցակցային ընտրություններում սկսել են հեռավորություն պահել Թրամփից՝ Իրանի հետ պատերազմի և մաքսատուրքերի վերաբերյալ նրա քաղաքականության պատճառով։
Իսկ իր առաջին ճեպազրույցում Զաքարիան, ընդհակառակը, նախագահի հանրաճանաչությունը ներկայացրել է դրական լույսի ներքո։ Զաքարիան Օհայոյում Թրամփի հանրահավաքի մթնոլորտը բնութագրել է որպես «խանդավառությամբ լի» և հայտարարել, որ ամերիկացիները հերթերի մեջ են կանգնում ու լցնում են մարզադահլիճները՝ աջակցելու Թրամփին և հանրապետականներին։ Մինչդեռ NBC News-ն ավելի վաղ հայտնել էր, որ վերջին շրջանում նախագահը հանդես է եկել ավելի փոքր հարթակներում, որոնք միշտ չէ, որ լիովին լցված էին։
Զաքարիան պատմել է նաև ամուսնու և չորս երեխաների հետ Վաշինգտոնի շրջանը տեղափոխվելու ծրագրերի մասին։ Նա ընդգծել է, որ ընտանիքն իր համար մնում է առաջնահերթություն, և նշել է, որ չի պատկերացնում իր կյանքն առանց երեխաների հետ համատեղ երեկոների։





























