Իրանում երկրի արևմուտքում զենքի մաքսանենգության ցանցի երկու ենթադրյալ մասնակցի են ձերբակալել։ Գործողության մասին երեքշաբթի հայտնել է Mehr-ը՝ հղում անելով Իրանի հետախուզության նախարարությանը։
Ավելի վաղ երկրի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում գերատեսչության հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել էր երեք բջիջների վնասազերծման մասին, որոնք կապված էին մի խմբավորման հետ, որը Իրանի իշխանություններն անվանում են թաքֆիրիստական ահաբեկչական կազմակերպություն։
Գերատեսչության տվյալներով՝ բջիջները գործել են Սիստան և Բելուջիստան նահանգի Իրանշահր, Սարբազ, Սերավան և Զահեդան շրջաններում, ինչպես նաև հարավային Հորմոզգան նահանգի Քեշմ քաղաքում։ Գործողությունն իրականացվել է Հորմոզգան նահանգի հետախուզության գլխավոր վարչության հետ համատեղ։
Նախարարությունից հայտնել են, որ բջիջները հաջողվել է վնասազերծել մինչև այն պահը, երբ դրանք կհասցնեին դիվերսիաներ կամ ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Անվտանգության և հետախուզության ուժերի հետ բախումների ընթացքում խմբավորումների երկու ենթադրյալ մասնակից սպանվել է։ Եվս տասը մարդ ձերբակալվել է։
Հաղորդագրության մեջ չի հստակեցվում՝ արդյոք Իրանի արևմուտքում ձերբակալված զենքի մաքսանենգության ցանցի ենթադրյալ մասնակիցները կապվա՞ծ են երկրի հարավ-արևելքում վնասազերծված երեք բջիջների հետ։




























