Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր լեռան՝ Մոնբլանի բարձրությունը մեկ տարվա ընթացքում նվազել է 1,29 մետրով և այժմ կազմում է ծովի մակարդակից 4807,47 մետր։ Այդ տվյալները չորեքշաբթի ներկայացրել է ֆրանսիացի գեոդեզիստների խումբը, որը 2001 թվականից պարբերաբար չափում է գագաթը, գրում է The Guardian-ը։

Մոնբլանի բարձրությունը փոխվում է գագաթին ձյան և սառցե ծածկույթի հաստության տատանումների պատճառով։ Մասնագետները բացատրում են, որ դրա վրա ազդում են ջերմաստիճանը, քամին և տեղումները։ Անցյալ ամիս արբանյակային տեխնոլոգիաների և անօդաչու սարքերի կիրառմամբ արշավախմբի ընթացքում կատարված չափումները ցույց են տվել, որ 2025 թվականին գագաթը 1,29 մետրով ավելի բարձր էր, քան այժմ։

Միևնույն ժամանակ ներկայիս ցուցանիշը 1,88 մետրով գերազանցում է 2023 թվականին գրանցվածը, երբ Մոնբլանի բարձրությունը իջել էր, հասնելով վերջին ժամանակների ամենացածր արժեքներից մեկին։ Դիտարկումների ընթացքում առավելագույնին լեռը հասել է 2007 թվականին՝ 4810,90 մետր։ Այդ ժամանակից ի վեր գագաթը 3,43 մետրով ցածրացել է։

Մասնագետները զգուշացնում են գագաթի բարձրության տարեկան փոփոխությունների և գլոբալ տաքացման հետևանքով Ալպերում սառցադաշտերի ընդհանուր կրճատման միջև ուղիղ կապ տեսնելուց։ Նրանց կարծիքով՝ գագաթի ձյունասառցե ծածկույթի բարձրությունը ուղիղ չի արտացոլում սառույցի ընդհանուր զանգվածը կամ ծավալը։ Հետևաբար, որևէ առանձին տարում բարձրության աճը չի նշանակում, թե լեռը սառցադաշտային զանգված է ձեռք բերել, և չի հերքում ալպյան սառցադաշտերի շարունակվող նահանջը։

Տաքացման հետևանքները հատկապես նկատելի են Ալպերում։ Ավելի վաղ՝ հոկտեմբերին, շվեյցարացի սառցագետները հայտնել էին, որ վերջին հինգ տարում երկիրը կորցրել է սառցադաշտային սառույցի մոտ մեկ հինգերորդը։ Միայն 2025-ից 2026 թվականներին դրա ծավալը կրճատվել է 5,5%-ով։

Մոնբլան արշավախմբի ղեկավար Ժան դը Գարեն նշել է, որ տաքացման հետևանքները Ալպերի մյուս հատվածներում տեսանելի են անզեն աչքով։ Նրա գնահատմամբ՝ Տետ-Ռյուս սառցադաշտի շրջանում Բրիգադ-Բլանշ կացարանի մոտ սառցադաշտն այնքան է նահանջել, որ որոշ հատվածներում սառցե մակերևույթի փոխարեն այժմ հարկ է լինում անցնել առուներով։ Միևնույն ժամանակ 4000 մետրից բարձրություններում կլիմայի փոփոխության ազդեցությունն առայժմ այնքան նկատելի չէ, որքան լեռնազանգվածի մյուս հատվածներում։