ԱՄՆ արդարադատության նախարարությունը մոտ 12 ծանուցագիր է ուղարկել կոնգրեսական Իլհան Օմարի հետ կապված հետաքննության շրջանակում, ներառյալ՝ նրա ընտանիքի անդամներին։ Ինքը՝ օրենսդիրը, ծանուցագիր չի ստացել, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով հետաքննությանը ծանոթ աղբյուրին։

Ծանուցագրերը կապված են Մինեսոտայում՝ Օմարի հարազատ նահանգում, դաշնային մեծ երդվյալ ատենակալների կազմի աշխատանքի հետ։

Ըստ աղբյուրի՝ քննիչներն ուսումնասիրում են նրա ներգաղթային կարգավիճակին առնչվող հանգամանքները, դրանց թվում՝ ծննդյան ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները։

Օմարը ծնվել է Սոմալիում և 1990-ականներին ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ։ Նա ամերիկյան քաղաքացիություն է ստացել 17 տարեկանում՝ ծնողներից մեկի միջոցով։

Քննիչները միաժամանակ փորձում են զրուցել կոնգրեսականի քրոջ հետ, սակայն հրապարակման պահին նրան դեռ ծանուցագիր չէր ուղարկվել։

Ըստ աղբյուրի՝ հետաքննությունը միտված է տեղեկությունների հավաքագրմանը, որոնք կարող են հիմք դառնալ հետագա ստուգումների համար։

Մասնավորապես, քննիչները կարող են ուսումնասիրել փաստաթղթեր և նամակագրություն, եթե տարիքի կամ ներգաղթային կարգավիճակի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու մասին կասկածներ առաջանան։

Ծանուցագրերն ուղարկվել են մի քանի օր առաջ, մինչև դաշնային գործակալները խուզարկեցին Օմարի տունը Վաշինգտոնում։ Խուզարկությունն անցկացվել է երկուշաբթի՝ բազմամյա քրեական հետաքննության շրջանակում, որը մասամբ վերաբերում է հնարավոր ներգաղթային խարդախությանը։ Հետաքննությանը մասնակցում են ներքին անվտանգության քննչական ստորաբաժանումը, ԱՄՆ դատախազությունը Մինեապոլիսում և արդարադատության նախարարությունը։

Խուզարկությունից հետո Օմարը X սոցիալական ցանցում հայտարարեց, որ տեղի ունեցողը համարում է քաղաքական հակառակորդներին հետապնդելու և իրավապահ մարմինները քաղաքական նպատակներով օգտագործելու փորձ։ Նա միաժամանակ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրեց իր դեմ տարիներ շարունակվող արշավ իրականացնելու մեջ և ընդգծեց, որ տեղի ունեցողը չի կարող լռեցնել իրեն։

Թրամփը, մեկնաբանելով խուզարկությունը, հայտարարել է, որ դաշնային իշխանությունները մանրակրկիտ ուսումնասիրում են կոնգրեսականի գործունեությունը, և կրկին կոշտ քննադատությամբ է հանդես եկել նրա, ինչպես նաև Սոմալիի հասցեին։ Ներքին անվտանգության նախարար Մարկվեյն Մալինը ավելի վաղ հայտարարել էր, որ հետաքննության ավարտից հետո Օմարի նկատմամբ կարող են քայլեր հետևել։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել NBC News-ին ծանուցագրերի տրամադրումը։ Լրագրողների հարցմանը Օմարի ներկայացուցիչը օպերատիվ չի պատասխանել։ Այս պահին ներկայացված կասկածները չեն նշանակում, որ կոնգրեսականին հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել։