Ավստրալիայի ափերի մոտ իրականացված ստորջրյա հնագիտական հետազոտությունները հնարավորություն են տվել հայտնաբերել բնիկ ժողովուրդների կյանքի նոր վկայություններ այն տարածքներում, որոնք վերջին սառցադաշտային ժամանակաշրջանի ավարտից հետո հայտնվել են ջրի տակ։ Գտածոների թվում են քարե արտեֆակտներ հին քաղցրահամ ջրի աղբյուրի մոտ։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես էին մայրցամաքի առաջին բնակիչներն օգտագործում տեղանքի տարբեր հատվածները և արժեքավոր ռեսուրսներ տեղափոխում լանդշաֆտներով, որոնք այսօր թաքնված են ծովի տակ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Quaternary Science Reviews հանդեսրում։ Գտածոները արվել են Ավստրալիայի հյուսիս-արևմտյան Մուրուջուգա շրջանում, որը հայտնի է բնիկ ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգությամբ և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ինչպես պարզվել է, այստեղ ավելի վաղ հայտնաբերված ստորջրյա հնագիտական օբյեկտները ոչ թե առանձին գտածոներ էին, այլ ավելի ընդարձակ մշակութային լանդշաֆտի մաս։

Թեև հայտնաբերված տեղամասերը ջրի տակ են հայտնվել առնվազն 9 հազար տարի առաջ, բուն արտեֆակտները կարող են զգալիորեն ավելի հին լինել։ Հետազոտողները առանձնացրել են երկու գոտի, որոնք օգնում են պատկերացնել, թե ինչպես էին մարդիկ յուրացնում այս տարածքը՝ նախքան ծովի մակարդակի բարձրացումը փոխեց Ավստրալիայի ափագծի ուրվագծերը։

Առաջին գոտին կապված է հին քաղցրահամ ջրի աղբյուրի հետ՝ կենսական կարևոր ռեսուրս, որի մոտ մարդիկ կարող էին հավաքվել։ Երկրորդը ժայռոտ բարձունքի մոտ է, որտեղից բացվում էր տեսարան դեպի հին գետի հունը։ Այս գտածոները վկայում են, որ հին բնակիչները լանդշաֆտի տարբեր հատվածներ օգտագործում էին՝ կախված դրանց բնական առանձնահատկություններից։

Քարե գործիքների և այլ արտեֆակտների վերլուծությունը ցույց է տվել նաև, որ դրանցից որոշները պատրաստվել են Ռոզմարի կղզու շրջանում արդյունահանված հումքից՝ հայտնաբերման վայրից մոտ 23 կիլոմետր հեռավորության վրա։ Դա մատնանշում է նյութերի տեղափոխումը զգալի հեռավորությունների վրա այն տարածքով, որի մի մասն այսօր գտնվում է ծովի հատակին։

Հետազոտությանը մասնակցել են Ֆլինդերսի համալսարանի, Արևմտյան Ավստրալիայի համալսարանի, Ջեյմս Կուկի համալսարանի և բրիտանական Յորքի համալսարանի հնագետները՝ Մուրուջուգայի բնիկների կորպորացիայի ներկայացուցիչների հետ համատեղ։ Տեղի ռեյնջերները վերապատրաստում են անցել գիտական սուզման ուղղությամբ, մասնակցել են ծովի հատակի ուսումնասիրմանը և ինքնուրույն կատարել որոշ բացահայտումներ։ Նրանցից երկուսը՝ Մալիկ Չանսայդը և Ռիչարդ Վարիակոյսը, նաև գիտական հոդվածի համահեղինակներ են դարձել։

Ըստ Ֆլինդերսի համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Բենջամինի՝ հետազոտությունը ցույց է տալիս բնիկ ժողովուրդների պատրաստված ներկայացուցիչների հետ համագործակցության կարևորությունը, որոնց գիտելիքներն ու փորձն օգնում են ուսումնասիրել ջրածածկ տարածքները։

Մուրուջուգայի բնիկների կորպորացիայի տնօրեն Վինսենտ Ադամսն ընդգծել է, որ նգարդա-նգարլի ժողովուրդը այս հողին հոգ է տանում առնվազն 50 հազար տարի։ Նա նշել է, որ Մուրուջուգայի մշակութային լանդշաֆտը ձգվում է ժամանակակից ափերից շատ այն կողմ՝ ընդգրկելով նաև ծովային տարածքները, որտեղ ջրի տակ պահպանվել են անցյալի վկայությունները։

Վերջին սառցադաշտային ժամանակաշրջանի ավարտից հետո ծովի մակարդակի բարձրացումը հանգեցրել է Ավստրալիայի մայրցամաքային շելֆի ավելի քան 2 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի ջրածածկմանը։ Մինչ այդ Ավստրալիայի բնիկ բնակիչների սերունդները բնակվում էին հսկայական տարածքներում, որոնք այսօր ծածկված են օվկիանոսով։

Հետազոտողները նշում են, որ ստորջրյա լանդշաֆտները ջրածածկվելուց հետո չեն կորցրել իրենց մշակութային նշանակությունը։ Ընդհակառակը, դրանք շարունակում են պահպանել հին մարդկանց առօրյա կյանքի, շրջակա միջավայրի մասին նրանց գիտելիքների և որոշակի վայրերի հետ կապերի վկայությունները։

Աշխատության հեղինակների կարծիքով՝ հայտնաբերված օբյեկտները Ավստրալիայի բնիկ ժողովուրդների դեռևս քիչ ուսումնասիրված ստորջրյա ժառանգության միայն մի մասն են։ Հետագա հետազոտությունները կօգնեն բացահայտել նոր հնագիտական հուշարձաններ և մշակել դրանց պահպանման եղանակներ։