Ռուսաստանի իշխանությունները որոշել են հինգերորդ սերնդի (5G) կապի աջակցությամբ սմարթֆոններ արտադրողներին պարտավորեցնել սարքերում ավելացնել ՌԴ ԱԴԾ-ի կողմից մշակված «Կուզնեչիկ» (Մորեխ) ծածկագրման ալգորիթմը, գրում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարության (Մինցիֆրի) հրամանի նախագիծը։ Ենթադրվում է, որ նոր պահանջն ուժի մեջ կմտնի 2032 թվականի մարտի 1-ից և կվերաբերի բոլոր ժամանակակից սմարթֆոններին՝ Apple-ից և Samsung-ից մինչև չինական բրենդներ։

5G ցանցերում «Կուզնեչիկը» կկիրառվի թրաֆիկի ծածկագրման և դրա ամբողջականության ստուգման համար։ Մինչև 2032 թվականը ալգորիթմի աջակցություն չունեցող արտասահմանյան սմարթֆոնները հինգերորդ սերնդի ցանցերում կկարողանան աշխատել սովորական ռեժիմով։ Նախարարությունում նշել են, որ այդ ժամանակահատվածում հայրենական ծածկագրումը կմիացվի միայն այն դեպքում, եթե դրան աջակցեն թե՛ սմարթֆոնը, թե՛ բազային կայանը։

Ընդ որում, բջջային կապի ծածկագրումն իրականացվում է անմիջապես մոդեմի չիպում, իսկ Qualcomm-ի և Unisoc-ի արտասահմանյան ապարատներում ռուսական ալգորիթմն այս պահին բացակայում է, ընդգծում է «ՌԲԿ»-ն։ Այն ծրագրային ապահովման սովորական թարմացման կամ SIM քարտի փոխարինման միջոցով ավելացնել հնարավոր չի լինի․ զանգվածային սմարթֆոնների համար կպահանջվի «Կուզնեչիկի» ապարատային ներդրում բուն մոդեմի մեջ։ Ներդրման գործընթացը լրացուցիչ բարդացնում է այն հանգամանքը, որ ալգորիթմը ներառված չէ բջջային կապի 3GPP միջազգային ստանդարտում։

Սմարթֆոններում տեխնոլոգիայի իրագործումը հնարավոր է ոչ շուտ, քան 2030 թվականին, և կպահանջի զգալի ծախսեր, ասում է «Սիգնալտեկ» բազային կայանների արտադրողի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Ալյասևը։ Միևնույն ժամանակ, ռուսական ենթակառուցվածքը «Կուզնեչիկի» ներդրմանը պատրաստ է միայն մասնակիորեն․ հայրենական բազային կայաններն աջակցում են ծածկագրման ալգորիթմին ծրագրային մակարդակում, սակայն ռադիոալիքի պաշտպանության համար սարքավորումները լրամշակման կարիք ունեն։ Դա կպահանջի ևս մեկ-երկու տարի, գրում է «ՌԲԿ»-ն։

«Կուզնեչիկը» բլոկային ծածկագրման ռուսական ալգորիթմ է, որն ամրագրված է ԳՕՍՏ Ռ 34.12-2015 ազգային ստանդարտում։ Ծածկագիրը մշակվել է ՌԴ ԱԴԾ-ի Տեղեկատվության պաշտպանության և հատուկ կապի կենտրոնի կողմից՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հաղորդակցման համակարգեր» ԲԲԸ-ի մասնակցությամբ։

Ավելի վաղ Թվային զարգացման նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր Ռուսաստանի 16 քաղաքներում հինգերորդ սերնդի կապի գործարկման, իսկ այնուհետև՝ ծածկույթը մինչև 27 քաղաք ընդլայնելու մասին։ Ընդ որում, ինչպես նշում էին շուկայի մասնակիցները, Ռուսաստանում սմարթֆոնների ճնշող մեծամասնությունը չի աջակցում 5G-ի համար իշխանությունների կողմից հատկացված հաճախականությունների տիրույթին՝ 4,6–4,99 ԳՀց (n79)։ Մասնավորապես, Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության (ԱՏՆ / НТИ) գնահատմամբ՝ դրանում կարող է աշխատել երկրում առկա բոլոր բջջային հեռախոսների ընդամենը 3-10%-ը։