Հռոմի Լևոն XIV պապն ընտանիքներին կոչ է արել ավելի ակտիվ մասնակցել տեղական եկեղեցիների կյանքին և առաքելությանը, ինչպես նաև օգնել հոգևորականությանը որոշելու հետագա աշխատանքի ուղղությունները։ Դրա մասին նա հայտարարել է Վատիկանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պապ Ֆրանցիսկոսի առաքելական հորդորի՝ Amoris laetitia-ի («Սիրո ուրախություն») 10-ամյակին նվիրված հանդիպման ավարտի առթիվ հղված ուղերձում, որը նվիրված է ընտանիքի հարցերին։
Այս ուղերձը դարձել է հովվապետի առաջին հրապարակային դիմումը վիրահատությունից հետո։
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-14-ը։ Չորեքշաբթի օրվա եզրափակիչ պատարագին, որը հովվապետի անունից գլխավորել է Կարդինալների կոլեգիայի դեկան կարդինալ Լուիս Անտոնիո Տագլեն, մասնակիցներին ընթերցվել է Լևոն XIV-ի ուղերձը։ Պապը ներողություն է խնդրել, որ չի կարողացել անձամբ ներկա գտնվել միջոցառումներին, և շնորհակալություն է հայտնել մասնակիցներին աղոթքների, համատեղ աշխատանքի և փորձի փոխանակման համար։
«Ձեր փորձի փոխանակումն ու միմյանց ուշադիր լսելը իսկական պարգև են ամբողջ Եկեղեցու համար»,- նշել է հովվապետը։
Նա նաև երախտագիտություն է հայտնել այն ընտանիքներին, որոնք հաղորդակից են դարձրել իրենց ուրախություններին, դժվարություններին և հույսերին, ինչպես նաև արևելյան կաթոլիկ եկեղեցիների առաջնորդներին և եպիսկոպոսական համաժողովների նախագահներին, որոնք մասնակցել են հանդիպման նախապատրաստմանը։
Լևոն XIV-ը հայտնել է, որ կուսումնասիրի քննարկումների արդյունքները և ավելի ուշ կներկայացնի իր եզրակացությունները։ Իսկ առայժմ նա մասնակիցներին կոչ է արել ստացած փորձը փոխանցել եպիսկոպոսական համաժողովներին և թեմերին՝ շարունակելով ավետել ընտանիքների հետ միասին և հենվելով Amoris laetitia-ի գաղափարների վրա։
Պապը հատուկ ուշադրություն է դարձրել եկեղեցական կյանքում ընտանիքների դերին։ Նա հույս է հայտնել, որ նրանք կլինեն ոչ միայն հովվական հոգածության ստացողներ, այլև տեղական եկեղեցիների կյանքի և առաքելության ակտիվ մասնակիցներ՝ օգնելով հոգևորականությանը որոշել զարգացման հետագա ուղիները։
Ուղերձի ավարտին քահանայապետը մասնակիցներին խնդրել է իր հոգևոր աջակցությունն ու քաջալերանքը փոխանցել իրենց համայնքներին։ Նա միաժամանակ նրանց կոչ է արել աղոթել իր համար և բոլորին հանձնել է Նազարեթի Սուրբ ընտանիքի հովանավորությանը՝ շնորհելով առաքելական օրհնություն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հռոմի պապը ենթարկվել էր վիրահատության՝ թոքում վաղ փուլում հայտնաբերված հանգույցի հեռացման համար։





























