Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) կարող է արդեն հաջորդ ամիս Քրիստին Լագարդին նշանակել իր նոր նախագահ։ Դա կնշանակեր նրա՝ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահի պաշտոնից ժամկետից շուտ հեռանալ և կսկսեր բանկի ղեկավարության կազմում լայնածավալ կադրային վերադասավորումներ, Reuters-ին հայտնել են կազմակերպությանը մոտ կանգնած չորս աղբյուրներ։

Լագարդի՝ ԵԿԲ նախագահի պաշտոնում լիազորությունների ժամկետը ավարտվում է 2027 թվականի հոկտեմբերին։ Նրա վաղաժամ հեռանալը Եվրոպական միության առաջնորդներին հնարավորություն կտար մինչև Ֆրանսիայում գարնանային նախագահական ընտրությունները ընտրել բանկի նոր նախագահ։ Հանրային կարծիքի հարցումների համաձայն՝ դրանցում կարող է հաղթել ծայրահեղ աջ ուժերի ներկայացուցիչը։ Բացի այդ, դա կարող էր ճանապարհ բացել նաև ԵԿԲ-ում ևս երկու ղեկավար պաշտոնների նշանակման շուրջ համաձայնության համար։

ՀՏՖ հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում է նաև ինքը՝ Լագարդը, պետք է հավաքվի նոյեմբերի 2-ին։ Իրավիճակին ծանոթ և հարցի նրբանկատության պատճառով անանուն մնալ ցանկացած աղբյուրների խոսքով՝ նիստում խորհուրդը կարող է նրան ընտրել նոր նախագահ։

Միևնույն ժամանակ, վերջնական որոշում դեռ չի կայացվել, ընդգծել են գործակալության զրուցակիցները։

ՀՏՖ ներկայացուցիչը հայտնել է, որ կազմակերպությունը չի կարող հաստատել հոգաբարձուների խորհրդի հաջորդ լիակազմ նիստի օրը, սակայն ակնկալում է այն անցկացնել մինչև տարեվերջ։

Երկու աղբյուր հայտնել են, որ խորհուրդը կարող է նաև նշանակել քվեարկության ամսաթիվ, որը հնարավորություն կտա Լագարդին ներկայացնել որպես ապագա նախագահ հունվարին Դավոսում անցկացվող ՀՏՖ տարեկան հանդիպման ժամանակ։ Այնտեղ աշխարհի տարբեր երկրներից քաղաքական և գործարար առաջնորդներ են հավաքվում՝ քննարկելու համաշխարհային տնտեսության և ֆինանսների հարցերը։

Reuters-ի զրուցակիցներն ընդգծել են, որ Լագարդի ընտրությունը դեռ երաշխավորված չէ, սակայն Ֆրանսիայի ֆինանսների նախկին 70-ամյա նախարարը վայելում է խորհրդի լայն աջակցությունը, որի կազմում, ՀՏՖ կայքի համաձայն, 27 մարդ կա։

ԵԿԲ-ում հրաժարվել են մեկնաբանություններից։

Քննարկվող ժամանակացույցերից ցանկացածի դեպքում ԵԿԲ նոր ղեկավարին բավական ժամանակ կմնա, որպեսզի անցնի ԵՄ ընթացակարգերով նախատեսված նշանակման բոլոր փուլերը Էմանուել Մակրոնի նախագահական ժամկետի՝ մայիսին ավարտվելուց շատ առաջ։

Հինգերորդ աղբյուրի խոսքով՝ Լագարդի հնարավոր հեռանալու ժամկետների վրա ազդած գործոններից մեկը եղել է նրա ցանկությունը՝ Մակրոնին հնարավորություն տալ ազդել իրավահաջորդի ընտրության վրա։ Եվրոպական քաղաքական շրջանակներում մտավախություն ունեն, որ ԵԿԲ նոր ղեկավարի նշանակման շուրջ բանակցությունները կարող են բարդանալ, եթե Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթի ծայրահեղ աջ ուժերի առաջնորդ Մարին Լը Պենը։

ՀՏՖ հոգաբարձուների խորհուրդը, որի կենտրոնակայանը գտնվում է Ժնևում, ներկայում համանախագահության սկզբունքով ղեկավարում են BlackRock-ի գլխավոր տնօրեն Լարի Ֆինքը և Roche-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ Անդրե Հոֆմանը։ Վերջինս այդ պաշտոնը զբաղեցրել է այն բանից հետո, երբ ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը անցյալ տարի հեռացավ պաշտոնից։