Ադրբեջանը հնարավոր է համարում Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի օգտագործումը ռուսական նավթի մատակարարման համար դեպի հանրապետության նավթավերամշակման ձեռնարկություններ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության փոխնախագահ Էլշադ Նասիրովը Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
«Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, որն անցնում է Ռուսաստանի տարածքով, ռուսական կողմի ցանկության առկայության դեպքում կարող է վերափոխվել ուղիղ հոսքի՝ հաշվի առնելով, որ հակադարձ հոսքն իրականացվել էր 1996 թվականին։ Սակայն միշտ հնարավոր է շրջել խողովակաշարի ուղղությունը, որպեսզի ռուսական նավթը նավթամուղով մատակարարվի Ադրբեջանի նավթավերամշակման գործարաններ», - ասել է Նասիրովը։
Ադրբեջանը նավթ է արտահանում մի քանի երթուղիներով, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով, որն անցնում է Վրաստանով և Թուրքիայով, ինչպես նաև Բաքու-Սուփսա խողովակաշարով, որն անցնում է Վրաստանի տարածքով։





























