Մենք բոլորս հպարտանում ենք մեր բնությամբ և ձգտում ենք պահպանել ու վերականգնել այն։ Եկել է ժամանակը ամփոփելու արդյունքները՝ գիտակցելով, որ մեր հասարակությունը կախված է էկոհամակարգերի առողջությունից, իսկ դրանց կորուստը համակարգային ռիսկեր է ստեղծում մարդկության համար։ Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում COP17-ի շրջանակում անցկացվող «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մաքուր, արդար և մրցունակ անցման հարցերով փոխնախագահ, ինչպես նաև մրցակցության հարցերով եվրահանձնակատար Թերեսա Ռիբերան։
«Համաշխարհային ՀՆԱ 55 տոկոսը մեծապես կախված է բնությունից, և ըստ գնահատականների՝ այս ուղղությամբ տարեկան կորուստները կազմում են 10 տրիլիոն դոլար։
Աշխարհի գյուղատնտեսական մշակաբույսերի ավելի քան 75 տոկոսը կախված է փոշոտողներից, դրանց թվաքանակի նվազումն անմիջական սպառնալիք է համաշխարհային պարենային անվտանգության համար։ Ժամանակակից դեղամիջոցների ավելի քան կեսը ստացվում է բնական աղբյուրներից։ Ջուրը կարևորագույն ռեսուրս է մարդկանց, պարենի արտադրության և բարեկեցության համար, իսկ ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների շուրջ 10 տոկոսը կապված է հողօգտագործման, հողերի օգտագործման բնույթի փոփոխության և անտառային տնտեսության հետ։
Առողջ էկոհամակարգերը մեր ամենահուսալի և տնտեսապես ամենաարդյունավետ պաշտպանությունն են, ինչպես նաև մարդկային բարգավաճման հիմքը։ Կենսաբազմազանության պահպանումն ու վերականգնումը ներդրում է մեր բարեկեցության, խաղաղության, ապագայի, տնտեսության և ապագա սերունդների շահերի համար։ Դա անհրաժեշտ է նոր համավարակների կանխարգելման և նոր դեղամիջոցների մշակման, կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և դրանց հարմարվելու, ինչպես նաև ջրային ու պարենային անվտանգության ապահովման համար։ Սա նաև այն բնական ռեսուրսների պաշտպանությունն է, որոնցից կախված են մեր տնտեսության յուրաքանչյուր ոլորտ և յուրաքանչյուր համայնք։ Մոնրեալում ընդունված կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը կոչված է գործընթացին իրական խթան հաղորդելու։
Մեր առաջնահերթ խնդիրը հավակնություններից անցնելն է ծրագրի գործնական իրականացմանը։ Կենսաբազմազանության կորստի միտումը կոտրելու համար անհրաժեշտ են իրական փոփոխություններ՝ թե՛ գլոբալ, թե՛ տեղական մակարդակներում։ Եվրոպական միության համար միջազգային ասպարեզում հեղինակությունը սկսվում է հենց միության ներսում ստանձնած պարտավորությունների կատարումից։ Անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ և կենտրոնացում այն ոլորտների բացահայտման վրա, որտեղ մենք հետ ենք մնում և որտեղ պետք է վերացնել առկա բացերը։ Մենք ակտիվացնում ենք մեր ջանքերը՝ Եվրոպական միության կենսաբազմազանության պահպանման մինչև 2030 թվականի ռազմավարության շրջանակում։ Բնության վերականգնման վերաբերյալ մեր կանոնակարգը մեր հավակնությունները վերածում է հստակ իրավական պարտավորությունների՝ նախատեսելով ազգային մակարդակով վերականգնման միջոցառումներ։
Գլոբալ մակարդակում Եվրոպական միությունն ավելացնում է ֆինանսական աջակցությունը և մեկնարկում է փորձնական նախաձեռնություն, որն ուղղված է գիտական գիտելիքների զարգացմանն ու օվկիանոսի առողջության պաշտպանությանը։ Մենք կոչ ենք անում մյուսներին միանալ այս ջանքերին։
Կան նաև լավ լուրեր․ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված միջազգային պետական ֆինանսավորման ծավալը 2024 թվականին աճել է 94 տոկոսով՝ 2018–2020 թվականների ժամանակահատվածի համեմատ։ Եվրոպական միությունը վստահորեն շարժվում է կենսաբազմազանության ոլորտում միջազգային ֆինանսավորման ծավալը կրկնապատկելու ուղղությամբ՝ այն հասցնելով 7 միլիարդ եվրոյի 2021-ից 2027 թվականների ընթացքում։ Մեր հաջորդ բյուջեի 35 տոկոսը կուղղվի կլիմայական և բնապահպանական նպատակների իրականացմանը։ Բացի այդ, ուրախ եմ հայտնել, որ «Natural Africa» առանցքային նախաձեռնությանը Եվրոպայի ներդրումը հասել է 1,6 միլիարդ եվրոյի՝ 200 միլիոն եվրոյով ավելի, քան նախապես ծրագրված էր։
2023 թվականին բնությանը վնաս հասցնող ֆինանսավորման ծավալը հասել է 7,3 տրիլիոն դոլարի․ դա գրեթե 30 անգամ ավելի է, քան մենք ներդնում ենք բնական գործընթացների վրա հիմնված լուծումներում։ Մենք չենք կարող մի ձեռքով ֆինանսավորել բնության ոչնչացումը, իսկ մյուսով՝ վճարել դրա վերականգնման համար։ Այս համաժողովի շրջանակում մենք նախաձեռնում ենք «բարեկամների խումբ»՝ «բնական կրեդիտների» տրամադրման հարցերի շուրջ։ Փորձնական փուլը կօգնի ամրապնդել վստահությունը և ցույց տալ այս մեխանիզմի իրական արդյունավետությունը։ Ժամանակն է նաև մտածելու, թե ինչ դեր կարող է ունենալ արհեստական բանականությունը և ինչպես ապահովել դրա այնպիսի զարգացումը, որը չի խախտի բնության բնական սահմանները։
Մենք ողջունում ենք Հայաստանի վճռական տրամադրվածությունը գործնական քայլերի նկատմամբ և նրա նախաձեռնությունը, որն ուղղված է քաղաքական դինամիկայի ուժեղացմանը,՝ գործողության կոչը, որին մենք առաջարկել ենք աջակցել։ Այս ընդհանուր կոչը պետք է դառնա հստակ ազդակ։
Արդյունքները պետք է համապատասխանեն այս ճգնաժամի մասշտաբին և սրությանը։ Պահպանվող աշխարհաքաղաքական լարվածությունն ու արագորեն աճող բացասական հետևանքները՝ շոգի ալիքներ, երաշտներ, հրդեհներ, ջրի պակաս, կենսաբազմազանության կորուստ, շրջակա միջավայրի աղտոտում, առանձին խնդիրներ չեն, այլ փոխկապակցված մարտահրավերներ են։
Ուրեմն, ինչո՞վ պետք է մենք հեռանանք Երևանից։ Լուծումների ավելի արագ ներդրմամբ, ֆինանսավորման ավելացմամբ, պատշաճ խթանների ստեղծմամբ և այնպիսի մոտեցմամբ, որը ապահովում է իրական ներգրավվածություն բոլոր նրանց, ովքեր հնարավոր են դարձնում այս նպատակների իրականացումը։ Եվրոպական միությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ և աջակցել Հայաստանի ջանքերին։
Մենք մտադիր ենք աշխատել լրջորեն, բաց և վճռական՝ գիտակցելով, որ առողջ էկոհամակարգերը կլիմայական կայունության, մարդկանց բարեկեցության, ինչպես նաև ջրային և պարենային անվտանգության անհրաժեշտ պայմանն են։ Թող Երևանում գա այն պահը, երբ մենք խոստումներից անցնենք իրական արդյունքների», — նշել է Թերեսա Ռիբերան։





























