Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը մշտապես գտնվում է Հայաստանի նախագահի եւ խորհրդարանի ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ դեկտեմբերի 15-ին Երեւանւմ կայացած Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին:

«Մեկ բան հստակ է՝ գոյություն չունի որեւէ իրավական փաստարկ, որով Ադրբեջանը կարող է հիմնավորել Լեռնային Ղարաբաղի հանդեպ իր հավակնությունները։ Գոյություն չունի միջազգային իրավունքի որեւէ նորմ, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ միջազգային փաստաթուղթ, որը կասկածի տակ դնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման լեգիտիմությունը։ Եվ այս առումով մեր դիրքորոշումը միանշանակ է՝ մենք պետք է հասնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը։ Եվ այդ ճանաչումն այլընտրանք չունի»,- նշել է Աբրահամյանն ու հավելել. «Մենք խաղաղություն ենք ցանկանում մեր հայրենիքին եւ Հայաստանի Հանրապետության հարեւաններին: Մենք պատերազմ չենք ուզում, բայց եւ վստահ ասում ենք, որ մեզ պատերազմով չի կարելի վախեցնել։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չունի ռազմական լուծում: Այն կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հարցի լուծման համար ամենակարեւոր եւ վճռական դերը վերապահված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, նրա ընտրյալ օրինական իշխանություններին»: