«Գուստավ» ռեստորանի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում, հետախուզվում է։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հոկտեմբերի 7–ին, համացանցում լուր է տարածվել, որ երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։
Դեպքի մասին ահազանգել է մի կին, ով նշել է, որ ռեստորանի մենեջերը, ենթադրաբար, իր հեռախոսը տեղադրել է կանանց զուգարանի լվացարանի տակ և գաղտնի նկարահանել այցելուներին։ Ըստ նույն հրապարակման՝ երբ կինը հայտնաբերել է հեռախոսը և առերեսել մենեջերին, վերջինս հաստատել է, որ հեռախոսն իրենն է։
Դեպքը քննարկվել է նաև Google-ում՝ ռեստորանի էջի կարծիքների բաժնում։ Ռեստորանը հրապարակային արձագանքում նշել է, որ տվյալ անձը մենեջերն էր և աշխատանքից ազատվել է։
Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ անձը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։





























