Ռուսաստանը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի հետ պայմանավորվել է Ուկրաինայի հարցով եռակողմ շփումները վերսկսելու պատրաստակամության մասին։ Բանակցությունների նպատակը պետք է լինի վերջնական խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը, որը հնարավորություն կտա ապահովել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգությունը, լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք պայմանավորվել ենք, որ պատրաստ ենք վերսկսել մեր եռակողմ շփումները։ Այդ բանակցությունների նպատակը կլինի քննարկել Ուկրաինայի և Ռուսաստանի անվտանգության ապահովման հարցը խաղաղության համաձայնությունների ձեռքբերումից հետո՝ վերջնական տարբերակով, այլ ոչ թե ռազմական գործողությունների կասեցման արդյունքում ինչ-որ կարճ ժամանակահատվածի համար»,- ասել է Պուտինը։

Նախագահը նշել է, որ ամերիկյան կողմը նաև ուշադրություն է հրավիրել եվրոպական անվտանգության ավելի լայն հարցի քննարկման անհրաժեշտության վրա։

«Եթե մենք քննարկելու ենք ապագայում անվտանգության ապահովման հետ կապված հարցերը թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի համար, ապա, բնականաբար, հարկ կլինի խոսել նաև եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին»,- մեջբերել է Պուտինը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի դիրքորոշումը։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ համաձայն է նման մոտեցման հետ։ Նա հավելել է, որ բանակցությունների հետագա հեռանկարները կախված կլինեն առաջիկա օրերին իրավիճակի զարգացումից։

Պուտինը ընդգծել է նաև, որ Մոսկվան նախկինի պես հնարավոր է համարում հակամարտության դիվանագիտական կարգավորումը։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է հասնել իր առջև դրված բոլոր նպատակներին։

Ներկայացված հայտարարության մեջ շփումների վերսկսման կոնկրետ ժամկետները, մասնակիցների կազմը և բանակցությունների անցկացման հնարավոր վայրը չեն հստակեցվել։