Թբիլիսիում ձերբակալել են երկու 14-ամյա դեռահասի՝ աշակերտների վրա հարձակման նախապատրաստման կասկածանքով, հայտնել է Timer պարբերականը՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին։

Գերատեսչության տվյալներով՝ մայրաքաղաքի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են երկու անչափահասի՝ խմբակային բռնության կազմակերպման նախապատրաստման մեղադրանքով։ Քննությունը կատարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 18-225-րդ հոդվածով։

Ինչպես հայտնել է վրացական Sando Tskaro պարբերականը, դեռահասները սովորում են տարբեր դպրոցներում և կապ են պահպանել տեսազանգերի, ինչպես նաև Telegram-ի և TikTok-ի միջոցով։

Ձերբակալվածներից մեկի հայրը պարբերականին պատմել է, որ խուզարկությունների ընթացքում իրավապահներն առգրավել են ազդանշանային ատրճանակ, փամփուշտներ, պղպեղի բալոն, ձեռնոցներ, սաղավարտ և դանակ։ Նրա խոսքով՝ դեռահասները քննարկել են 2011 թվականին Օսլոյում տեղի ունեցած ահաբեկչությունը և իրական իրադարձությունների վրա հիմնված, բռնության տեսարաններ պարունակող ֆիլմեր։

Պաշտոնապես հաստատվել է դեռահասների ձերբակալությունը՝ խմբակային բռնության կազմակերպման նախապատրաստման կասկածանքով։