Միջնադարյան արաբական ձեռագրերի լուսանցքներում արված նշումները կարող են բացահայտել մոռացված գիտնականների անունները, վերականգնել կորած գրքերի պատմությունը և ցույց տալ, թե ինչպես են գիտելիքները տարածվել իսլամական աշխարհում։ Նման եզրակացության են հանգել Շարժայի համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով գրառումները, որոնք դարեր շարունակ ձեռագրերի էջերում թողել են դասավանդողներն ու ունկնդիրները։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Islamic Thought and Civilization գիտական հանդեսում։

Գիտնականները կենտրոնացել են այսպես կոչված սամաաթների վրա՝ գրառումների, որոնք հաստատում էին, որ տվյալ տեքստը բարձրաձայն ընթերցվել է գիտնականների և աշակերտների ներկայությամբ։ Դրանցում նշվում էին աշխատության վերնագիրը, դասավանդողի անունը, ընթերցման մասնակիցները, հանդիպման ամսաթիվն ու վայրը, ինչպես նաև տեղեկություններ այն մասին՝ արդյոք թույլատրվե՞լ է տեքստի հետագա տարածումը։

Միջնադարյան իսլամական գիտական ավանդույթում նման գրառումներն առանձնահատուկ նշանակություն ունեին. գրքերը ոչ միայն արտագրում էին, այլև բարձրաձայն ընթերցում, համեմատում ընդունված օրինակների հետ և հաստատում փոխանցվող գիտելիքների հավաստիությունը։

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 47 ձեռագիր և դրանցում առանձնացրել 132 գրառում։ Փաստաթղթերը թվագրվում են VI–XV դարերով և ծագում են իսլամական քաղաքակրթության խոշոր կենտրոններից, դրանց թվում՝ Բաղդադից, Դամասկոսից, Ֆուստատից, Հալեպից և Սպահանից։

Վերլուծությունը ցույց է տվել, որ այս նշումները կարող են պարունակել տեղեկություններ, որոնք բացակայում են պատմական այլ աղբյուրներում։ Դրանք հնարավորություն են տալիս բացահայտել ուսուցիչների և աշակերտների միջև կապերը, հետևել գրքերի տեղաշարժին և վերականգնել այն մարդկանց կենսագրությունները, որոնց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Գիտական հավաքների մասնակիցների թվում եղել են ոչ միայն աստվածաբաններ ու իրավագետներ, այլև կանայք, առևտրականներ և արհեստավորներ։

Գրառումները վկայում են նաև, որ գիտնականները ճանապարհորդել են քաղաքների միջև, որոնք այսօր գտնվում են տարբեր երկրներում։ Դա օգնում է հետազոտողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես են գիտելիքները տարածվել մինչև ժամանակակից պետական սահմանների ձևավորումը։

Հեղինակների կարծիքով՝ նման նշումների համակարգված թվայնացումն ու ցուցակագրումը հնարավորություն կտան ստեղծել պատմական նոր տվյալների շտեմարաններ և նույնիսկ վերականգնել կորած կամ դեռևս չնույնականացված աշխատությունների մասին տեղեկությունները։

Սակայն աշխատանքը բարդանում է նրանով, որ բազմաթիվ ձեռագրեր դեռևս չեն հրապարակվել և ցուցակագրվել, իսկ գրառումների մի մասը խունացել է կամ արված է դժվարընթեռնելի ձեռագրով։ Բացի դրանից, անուններն ու ամսաթվերը ստուգելու համար հետազոտողները ստիպված են նշումները համադրել կենսագրական բառարանների, ժամանակագրությունների և պատմական այլ փաստաթղթերի հետ։

Գիտնականներն ընդգծում են, որ միջնադարյան արաբական ձեռագրերը պետք է դիտարկել ոչ միայն որպես տեքստերի պահոցներ, այլև որպես իրենց ժամանակի մտավոր և հասարակական կյանքի վկայություններ։