Հավանության է արժանացել «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 5-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։

Նշվում է, որ համաձայնագիրն ուղղված է ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության զարգացմանը՝ արդարադատության, անձի և պետության իրավունքների ու օրինական շահերի ապահովման, ինչպես նաև իրավական տեղեկատվության և թվային նախագծերի ոլորտում փորձի փոխանակման ուղղություններով։

Համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին Երևանում՝ ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի շրջանակում։