Այսօր` հունիսի 6-ին, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռիի տարածքային գրասենյակի պաշտոնական բացումը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:

«Դրական եմ գնահատում  մարզային գրասենյակների ստեղծումը: Ուրախ եմ, որ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ այսօր Հայաստանում գործում են Մարդու իրավունքների պաշտպանի մարզային  վեց գրասենյակները: Այնուամենայնիվ, մեծ հույսեր ունեմ, որ  մոտ ապագայում մարզային գրասենյակներին  ֆինանսապես կօժանդակի նաեւ մեր պետությունը»,- ասել է Պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ելույթում: 

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Հրիսթեան, իր հերթին, նշել է. «Մարդու իրավունքների պաշտպանությունը ընտրությունների ընթացքում  երաշխավորելուն զուգահեռ` մարզային վեց գրասենյակները  հանդես են գալու, որպես Մարդու իրավունքների պաշտպանի կենրոնական գրասենյակի` մարդու իրավունքների «ներկայացուցչական գրասենյակներ»:  

«Մարզային գրասենյակների հիմնադրմամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առավել հասանելի կդառնա մարզերի բնակիչների համար եւ կաջակցի մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչը շատ կարեւոր է հատկապես ընտրությունների շրջանում»,- իր ելույթում ընդգծել է  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սորոկինը:

ՄԻՊ-ի տարածքային գրասենյակներ արդեն գործում են 5 այլ մարզկենտրոններում. Գավառ, Իջեւան, Գյումրի, Եղեգնաձոր, Կապան: Յուրաքանչյուր գրասենյակ ունի երեք աշխատակից, որոնցից երկուսն իրավաբաններ են, իսկ երրորդը՝ համակարգում է գրասենյակի աշխատանքը: Գրասենյակները հագեցած են համապատասխան տեխնիկայով, ինչպես նաեւ մեքենաներով` մարդու իրավունքների հնարավոր ոտնահարման դեպքերի պատշաճ արձագանքումն ապահովելու համար:

Մարզային գրասենյակների երկամսյա գործունեությունը հեռավոր մարզերի բնակիչներին հնարավորություն է տվել առանց մայրաքաղաք ժամանելու իրենց իրավունքների խախտման դեպքերի մասին հայտնել Պաշտպանի աշխատակազմին, մասնավորապես ընտրությունների շրջանում:

Գրասենյակները նաեւ համագործակցում են տեղական իրավապաշտպան կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ` մոտ ապագայում մարդու իրավունքների ոլորտին առնչվող թեմաների շուրջ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:

Մարզային գրասենյակների գործարկմանն աջակցել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը Եվրոպական միության կողմից տրամադրած ֆինանսական օժանդակությամբ` «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի շրջանակներում:

Մարզային գրասենյակների հասցեները.

Լոռիի մարզ

Ք. Վանաձոր, Գր. Լուսավորիչ 54ա/1

հեռ.`   (093)-75-63-85      

Շիրակի մարզ

ք.Գյումրի, Մհեր Մկրտչյան փող., 44շ., 46բն.

հեռ.`   (0 312) 41 981     

Գեղարքունիքի մարզ

ք.Գավառ, Ազատության 17/2

հեռ.`  (0 264) 30 116     

Վայոց Ձորի մարզ

ք. Եղեգնաձոր

Վայքի փող., թիվ 5

հեռ.`   (093)-22-11-44     

Սյունիքի մարզ

ք. Կապան, Մելիք Ստեփանյան 6

հեռ.` (093)-88-71-71     

Տավուշի մարզ

ք. Իջեւան, Երեւանյան փողոց 156

հեռ.` (077)-71-30-08