Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր` հունիսի 6-ին, ընդունել է «Եվրոպական ջրային համերաշխություն» միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Թիերի Ամբերին: Վերջինս նշել է, որ, կազմակերպությունը, մասնավորապես, 2000 թվականին նախաձեռնել է ջրի խնդիրներով զբաղվող երիտասարդական խորհրդարան, որտեղ Եվրոպայի 25 երկիր ներկայացնող 18-23 տարեկան երիտասարդները ջրային հիմնախնդիրներին նվիրված ամենատարբեր հարցեր են բարձրացնում եւ քննարկում` իրենց եզրակացությունները ներկայացնելով խորհրդարաններին, կառավարություններին, պատկան մարմիններին:
Թիերի Ամբերը նշել է, որ հետաքրքրված են նաեւ այդ աշխատանքներին ԱՊՀ երկրների երիտասարդների մասնակցությամբ: Նրա խոսքով` Հայաստանում ձեւավորված է ջրի կառավարման հաջողված համակարգ, եւ հետաքրքիր կլինի օրինակելի այդ փորձը ներկայացնել եվրոպական երկրներին:
Մինչ այս տեղի է ունեցել երիտասարդ խորհրդարանականների 10 հավաք: Հաջորդը նախատեսվում է անկացնել 2013 թվականի մայիսին, եւ հյուընկալող երկրների թեկնածուների թվում Շվեյցարիայի ու Լատվիայի հետ միասին ներկայացված է նաեւ Հայաստանը: Վերջնական որոշումը ՀՀ-ի օգտին կայացնելու դեպքում, Ջրի եվրոպական երիտասարդական խորհրդարանը գալիք տարի Հայաստան կբերի 85 երիտասարդների եվրոպական բոլոր երկրներից:
ԱԺ նախագահը նշել է, որ այսօր ջրի արդյունավետ կառավարումը համաշխարհային կարեւորագույն հիմնախնդիրներց մեկն է: Արձանագրելով, որ Հայաստանում առկա զգալի ջրային պաշարների ոչ մեծ մասն է օգտագործվում, Աբրահամյանը նկատել է, որ, այդուհանդերձ, կա ակնհայտ առաջընթաց կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ: Խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ պատրաստակամ է հնարավորինս աջակցելու կազմակերպության աշխատանքներին, եւ Հայաստանը հաղթող ճանաչվելու պարագայում երիտասարդները ոչ միայն հնարավորություն կունենան ծանոթանալու ՀՀ-ում ներդրված ջրային կառավարման մեխանիզմներին, այլեւ մեր երկրի հարուստ պատմությանն ու մշակույթին: «Երիտասարդները ապագայի շարժիչ ուժն են, եւ կարեւոր է նրանց մասնակցությունը համաշխարհային հնչեղություն ունեցող հիմնախնդիրների քննարկմանն ու լուծումների որոնմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:




























