Թուրքիան խզում է շփումները Եվրամիության հետ այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ-ում նախագահում է Կիպրոսը: Այս մասին, այսօր` հունիսի 7-ին, ԵՄ-ի արտաքին գերատեսչության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Ինչպես հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը, Դավութօղլուն նաեւ նշել է, որ այդ ժամանակահատվածում ոչ մի թուրքական պետական կառույց չի համագործակցի ԵՄ-ի հետ:

«Բայց մեր շփումները (Էշթոնի եւ Ֆյուլեի հետ) կշարունակվեն»,-հավելել է նա:

Նշենք, որ Դավութօղլուն շոշափել է նաեւ Թուրքիայի եվրաինտեգրման հարցը, խորհուրդ տալով չձգձգել Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմը վերացնելու հարցի քննարկումը: Շտեֆան Ֆյուլեն, իր հերթին, նշել է, որ շուտով Թուրքիան եւ ԵՄ-ն կարող են ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը (այդ թվում ռեադմիսիայի մասին)` Թուրքիայի Շենգենյան գոտուն միանալու համար: