Խոսքի եւ մամուլի ազատության արժեքները շատ կարեւոր են ժողովրդավարության կայացման առումով: Այս մասին, հունիսի 6-7-ին, Բրյուսելում` Եվրախորհրդարանում Ռուսաստանի եւ Արեւելյան գործընկեր երկրների  լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հրավիրված սեմինարի ընթացքում նշեց  Եվրախորհրդարանի խոսնակ Ժան Մեդոկը:

Հայաստանից Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ սեմինարին մասնակցում էին 7 լրագրողներ, որոնց շարքում էր նաեւ NEWS.am-ի թղթակիցը: Հրավիրված սեմինարի ընթացքում կարեւորվում էր խոսքի եւ լրատվամիջոցների ազատության դերը եւ հրավիրված երկրների օրինակների միջոցով փորձ էր արվում հասկանալ տեղում ստեղծված իրավիճակը:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Աննի Փոդիմատան նշեց, որ որոշ երկրներում սովետական ժամանակների ճգնաժամը դեռ չի հաղթահարվել եւ հետխորհրդային պատկերը դեռ առկա է: Նրա խոսքով, լրատվամիջոցների ազատության կարող են հասնել միայն ժողովրդավար երկրներում:

Սեմինարի բանախոսները նշեցին, որ կան մի շարք երկրներ, որոնք ցանկանում են ԵՄ անդամ դառնալ, ինչին կարող է նպաստել կամ խոչընդոտել մամուլի ազատության վիճակը, շատ կարեւոր է միաժամանակ բաց եւ թափանցիկ լրագրողների դերը: 

Հատկապես կարեւորվեց լրագրողների դերը նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ ընտրությունների լուսաբանման գործում, ինչպես նաեւ երկխոսության ծավալման ուղղությամբ, որ կառուցողական դեր ստանձնեն ընդդիմության եւ իշխանության միջեւ: 

Սեմինարի կազմակերպիչները նշեցին, որ իրենց սեմինարի նպատակն է, ոչ թե ամոթանք տալը, այլ լուծումներ գտնելը եւ լրատվամիջոցների համընդհանուր ազատության հասնելը: Նրանց ներկայացմամբ, լրագրողները պետք է գիտակցեն, որ մամուլը պետական չէ, այլ հանրային,  եւ գործում է քաղաքացիների հանրության համար:

Լրագրողների իրավունքների պաշտպանության համար նոր դաշտ ստեղծելու առաջարկ արվեց, որտեղ կհամագործակցեն կառավարությունը, դատախազությունը եւ լրագրողները: Սեմինարի ընթացքում բարձրաձայնվեց, որ շատ երկրներում լրագրողները շատ ցածր են վաստակում, ինչը կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում, իսկ լուծումը լրագրողական արհմիությունների ստեղծումն է:

Արձագանքելով Ֆիլանդիայի եւ Իսպանիայի լրագրողների այն դժգոհությանը, որ շատ լրագրողներ գործազուրկ են դառնում տպագիր մամուլի փակման արդյունքում: Սեմինարի կազմակերպիչները խորհուրդ տվեցին իրատեսական լինել եւ ընդունել, որ շուտով տպագիր մամուլն իր տեղը կզիջի էլեկտրոնայինին, հավելելով, որ գործազուրկ դարձած լրագրողները կարող են աշխատանքի անցնել էլեկտրոնային լրատվամիջոցներում: