Փաստաբանների ակումբի նիստում ընտրված հանձնախումբը (Արա Զոհրաբյան, Գեւորգ Գյոզալյան, Կարեն Մեժլումյան, Հայկ Ալումյան եւ Լուսինե Սահակյան) արձագանքել է դատական ծառայության հայտարարությանը, ինչպես նաեւ ներկայացրել մի փոքրիկ վիճակագրություն, որը վեր է հանում գոյություն ունեցող արդարադատության վիճակը: Այս մասին այսօր` հունիսի 11-ին, լրագրողների եւ փաստաբանների հետ հանդիպմանը հայտարարել են հանձնախմբի անդամները:
Արա Զոհրաբյանը կարեւորեց, որ դատական համակարգը պետք է հանդուրժող լինի քննադատություններին եւ չխուսափի հասարակական վերահսկողությունից: Նրա խոսքով` գործադուլ բառը չպետք է դիտարկել աշխատանքային օրենսգրքի լույսի ներքո, եթե «գործադուլը» չի իրականացվում աշխատակիցների կողմից, գործադուլն օգտագործվում է նաեւ այլ իրավական ակտերում եւ չի սահմանափակվում աշխատանքային հարաբերություններով: «Փաստաբանների համակարգը կախյալ համարելով միայն նրա համար, որ որոշել են բողոքի ձայն բարձրացնել ոչ միայն հակասական է, որովհետեւ կախյալ լինելու դեպքում պետք է կաշկանդված լիներ բողոքելու պետական մարմնի դեմ, այլեւ հակաօրինական»,- նշեց նա:
Փաստաբանների ներկայացմամբ, դատական ծառայությունը խախտելով անմեղության կանխավարկածը, ավելի քան 20 փաստաբանների համարել է խարդախություն կատարած` վկայակոչելով միայն օրինական ուժի մեջ մտած 5 դատավճիռների համարները: Արա Զոհրաբյանի խոսքով` դատական համակարգի վերաբերյալ բացասական կարծիք ունեն ոչ միայն փաստաբանները, այլեւ շատ պաշտոնյաններ, նախագահ Սերժ Սարգսյանը, միջազգային զեկույցներ:
Հանձնախումբը ներկայացրեց նաեւ վիճակագրություն, որով ցույց են տվել արդարադատության վիճակը: Օրինակ` 2008թ ի վեր Վարչական դատարանի կողմից Կառավարության նորմատիվ որոշումներն անվավեր ճանաչելու ցուցանիշը զրո տոկոս է, 2011թ ՀՀ առաջին ատյանի դատարաններում քրեական գործերով անձի վերաբերյալ դատական ակտ է կայացվել, որոնց արդյունքում լրիվ արադարացվել է ընդամենը 54 անձ: Նախորդ տարի քրեական գործերով բերվել է 1203 վճռաբեկ բողոք, որոնցից վարույթ է ընդունվել ընդամենը 45-ը, բավարարվել` 28-ը:
Այսպիսով, փաստաբանները պահանջում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս վարել արձանագրություն, վճռաբեկ բողոքները վերադարձնելիս պատշաճ հիմնավորել, կատարել Սահմանադրական դատարանի որոշումների պահանջները եւ այլն:
Նրանք պատրաստվում են այսօր դիմում ներկայացնել Վճռաբեկ դատարանի նախագահին, կրկնօրինակները` Սերժ Սարգսյանին, Արդարադատության նախարարին, Սահմանադրական դատարանի ղեկավարին, քննարկումների շարք սկսել: Եթե սա օգուտ չբերի, չի բացառվում, որ առավել ծայրահեղ քայլերի գնան` երկուօրյա գործադուլ, վստահորդները պատրաստակամություն են հայտնել հացադուլ անել եւ այլն:
Փաստաբանները նշեցին, որ իրենց գործողությունները պաշտպանյալների մոտ դժգոհություն չեն առաջացնում, քանի որ այս ամենն արվում հենց հասարակության համար:
Նշենք, որ Հայաստանի փաստաբանների պալատի փաստաբաններըբ այսօր` հունիսի 11-ին, մեկօրյա նախազգուշական գործադուլ են արել` դատական իշխանության ուշադրությունը գոյություն ունեցող խնդիրների վրա հրավիրելու նպատակով: Գործադուլին արդեն միացել են Փաստաբանների պալատի 1152 փաստաբաններից 545-ը, բազմաթիվ իրավապաշտպաններ եւ այլք:
Դրան հետեւել էր Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, որը չսպասելով փաստաբանների կոնկրետ առաջարկներին, հանդես էր եկել պատասխան հայտարարությամբ` գործադուլը որակելով դատական իշխանությանն ահաբեկելու փորձ, գործադուլը համարելով Սահմանադրության 32-րդ հոդվածով երաշխավորված աշխատողին բնորոշ իրավունք:
Այդ ծառայությունը փաստաբանական համակարգը համարել է կախյալ, հայտարարել ավելի քան 20 փաստաբանների կողմից կատարված խարդախության դեպքերի մասին եւ մեջբերել այդպիսի գործերով հինգ դատավճիռների համարները, ընդգծելով ամենօրյա, լուռ, քայլ առ քայլ, սակայն հետեւողական աշխատելու անհրաժեշտությունը:




























