Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի Յակուտսկ քաղաքում թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ, հունիսի 9-ին

կատարվել է եկեղեցու հիմնօրհնեքի արարողություն:

Հիմնարկեքի ընթացքում նա սրբալույս մյուռոնով օծել է 16 խաչանիշ քարերը, որոնք եկեղեցու 16 կնքահայրերը զետեղել են աղոթատան հիմքերում:

Հայկական ավանդական ճարտարապետական ոճով նախագծված եկեղեցին կառուցվելու է համայնքի հավատավոր հայորդիների բարերարությամբ:

Մեծաթիվ համայնքի հոգեւոր պահանջները բավարարելու համար դեռեւս 2001 թվականին  Հայաստանից բերվել եւ ռուսական եկեղեցու բակում տեղադրվել էր մի խաչքար, սակայն աղոթքի կանգնելու, եկեղեցու սրբազան արարողություններն ու խորհուրդներն իրականացնելու համար անհրաժեշտ էր կառուցել աղոթատուն:

Հիմնօրհնեքի արարողությունից հետո Սրբազան հայրը հույս է հայտնել, որ  նորակառույց եկեղեցին դառնալու է համախմբող, օրհնություն պարգեւող օրրան:

Հայաստանից բերված տուֆ քարով կառուցվող եկեղեցու շինարարարական աշխատանքները  կավարտվեն երկու տարվա ընթացքում: Նախատեսվում է եկեղեցուն կից կառուցել նաեւ մշակութային կենտրոն: Արդեն մի քանի տարի է բարեհաջող լույս է տեսնում քաղաքի միակ հայկական պարբերականը` «Արմյանսկի վեստնիկ» թերթը:

Հեռավոր Յակուտիայում հայերն ապրում են դեռեւս  1800-ական թվականներից: Նրանց թիվն այսօր հասնում է 5 հազարի: Այստեղ հայերն  հիմնականում զբաղվում են  շինարարությամբ: