Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը մասնակցել է Պեզարո քաղաքում «Որոնելով Դրախտը» (In Search for Paradise) հայ ժամանակակից նկարիչների եւ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված էր Հայաստանի եւ Իտալիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Պեզարոյի քաղաքապետարանի կողմից «Ռենկո» ընկերության հովանավորությամբ եւ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո:
Բացման արարողությանը ողջույնի խոսքով ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը եւ Պեզարոյի քաղաքապետ Լուկա Չերիշոլին: Դեսպան Կարապետյանն իր ելույթում կարեւորել է հայկական արվեստը ներկայացնող միջոցառումների անցկացումը, մասնավորապես, Իտալիայի նման հարուստ մշակույթ ունեցող երկրում:
Պեզարոյի քաղաքապետն իր ելույթում նշել է, որ մեծ պատվով է հյուրընկալում հայկական արվեստի ցուցահանդեսը: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ ցուցահանդեսը կունենա մեծ հաջողություն, քանի որ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը եւ նորովի վերաիմաստավորելու Հայաստանի ու Իտալիայի միջեւ հարաբերությունները, որոնք ունեն հնագույն պատմություն: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Մարկե նահանգի եւ Պեզարո քաղաքի ղեկավար այրեր, մշակույթի եւ գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Պեզարո կատարած այցի շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը առանձին հանդիպում է ունեցել Պեզարոյի քաղաքապետի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Պեզարոյում Ռենկո ընկերության նախագահությամբ ստեղծել հայ-իտալական առեւտրի պալատ: Նախատեսվում է, որ հայ-իտալական պալատի գործունեությունը ծավալվելու է ամբողջ Մարկե նահանգում, որը հանդիսանում է Իտալիայի կենցաղային սարքավորումների եւ տեխնիկայի արտադրության ամենազարգացած նահանգը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ, որ Հայաստանը կմասնակցի 2013 թվականին Պեզարոյում կազմակերպվող Ռոսինիի անվան օպերային փառատոնին:
Հանդիպման ավարտին Պեզարոյի քաղաքապետը ընդունել է ՀՀ դեսպանի` Հայաստան այցելելու հրավերը:


























