Վրաստանում կառավարության հերթական փոփոխությունների արդյունքում Վրաստանի սփյուռքի հարցերով նախարար Յուլյան Գագոշիձեն ազատվել է պաշտոնից: Նրան կփոխարինի Ազգային ժողովի պատգամավոր Պապունա Դավիթայան: GHN լրատվական գործակալության հաղորդմամբ ,այս մասին դեկտեմբերի 21-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկա Գիլաուրին:

«Մշակույթին նախարարությունում աշխատելու ժամանակ Պապունա Դավիթայան զբաղվել է սփյուռքի հարցերով: Նա քաջատեղյակ է ոլորտից»,-հայտարարել է Գիլաուրին:

Ինչ վերաբերում է Յուլիան Գագոշիձեին, ապա նա ղեկավարելու է հնագիտական կենտրոնը, որը շուտով կկառուցվի:

Գագոշիձեին պաշտոնից հեռացնելը պայմանավորված էր նրա արած սկանդալային հայտարարությամբ: Հիշեցնեք, որ նա հայտարարել էր, թե Վրաստանը միայն վրացիների եւ աբխազների հայրենիքն է, իսկ երկրում բնակվող այլ փոքրամասնությունների ներկայացուցիչները դիտարկվում են իբրեւ սփյուռք:

«Մեր այսպես կոչված „ազգային փոքրամասնությունները“` ադրբեջանցիները, հայերը, ռուսները եւ այլք, մեր հարեւան երկրների սփյուռքի ներկայացուցիչներ են: Իմ կարծիքով ընդամենը երկու ազգ կա, ում հայրենիքը Վրաստանն է: Դրանք վրացիներն են եւ աբխազները, նույնիսկ օսերին մենք պետք է դիտարկենք իբրեւ սփյուռք»,-օրերս հայտարարել է Գագոշիձեն:

Սկանդալային հայտարարությունը լուրջ իրարանցում է առաջացրել երկրի հասարակական շրջանակներում, բանը հասել էր նրան, որ Գագոշիձեին մեղադրել են խտրական քաղաքականություն վարելու մեջ: