ԱՄՆ-ն կողմ է Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման շուտափույթ վերսկսմանը։ Ըստ The Wall Street Journal-ի (WSJ)՝ այս գաղափարը դիտարկվում է որպես գալիք ձմռանն ընդառաջ էներգետիկ օբյեկտներին հարվածները դադարեցնելուն միտված հնարավոր համաձայնությունների մաս։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշներն այս նախաձեռնությունը ներկայացրել են դեռևս սեպտեմբերին՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Այն ենթադրում է եվրոպական պատժամիջոցները շրջանցելով՝ ռուսական գազի վաճառք ամերիկացի միջնորդի օգնությամբ, ինչը կարող է շահավետ լինել ամերիկացի ներդրողների համար։

Թերթի տվյալներով՝ արդեն հոկտեմբերին նախագիծը մղվել է երկրորդ պլան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշմամբ Ուկրաինան գրեթե երկու շաբաթով միակողմանիորեն դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարանների թիրախավորումը, մինչդեռ Ռուսաստանը շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Դրան զուգահեռ՝ Մոսկվան սկսել է դիզվառելիք արտահանել Միացյալ Նահանգներ։

«Ամերիկյան կողմն ուշադրությունը կենտրոնացրեց շատ ավելի առարկայական խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության վրա», — գրում է WSJ-ն։

Անցած շաբաթ, սակայն, Ուկրաինան վերսկսել է հարձակումները՝ հարվածելով ռուսական նավթավերամշակման երեք խոշոր գործարանի։ Պարբերականի գնահատմամբ՝ դա նոր թափ է հաղորդել համապարփակ «էներգետիկ զինադադարի» հասնելու ջանքերին՝ նոյեմբերի կեսերին Աբու Դաբիում սպասվող ամերիկա-ռուս-ուկրաինական եռակողմ խաղաղ բանակցություններին ընդառաջ։

«Ներկա դրությամբ Ռուսաստանը մերժում է նման գործարք կնքելու ԱՄՆ-ի փորձերը», — ընդգծում է հրատարակությունը։

Ամերիկացի բանակցողները համոզված են, որ ռուսական բնական գազի վերադարձը եվրոպական շուկա նախագահ Վլադիմիր Պուտինի համար կարող է դառնալ «համաձայնությունների գնալու ծանրակշիռ խթան», իսկ Կիևի համար՝ ապահովել գազի տարանցումից ստացվող «կենսականորեն անհրաժեշտ եկամուտներ»։